Ստորեւ ներկայացվող հրապարակումը Breakfast for Executives տելեգրամյան ալիքը բացառիկության կարգով տրամադրել է Banks.am-ին:
Մեր սերտ կապակցված բիզնես էկոհամակարգում շատ կարևոր նշանակումներ հաճախ աննկատ են մնում։ Մշտապես գտնվելով ղեկավարների որոնման էպիկենտրոնում՝ մենք արագ ենք լսում այն տեղաշարժերի մասին, որոնք հետագայում ձևավորելու են բոլորիս networking-ի քարտեզը։
Boyden-ի թիմը սկսում է նոր շարք, որտեղ կհրապարակենք այն ամենը, ինչը հայտնվել է մեր տեսադաշտում։ Այսուհետ ամեն եռամսյակ կամփոփենք բարձր օղակի ղեկավարների առանցքային տեղափոխությունները՝ Ձեզ օգնելով ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին։
Այս անգամ մեր աչքից չեն վրիպել 2025 թվականի հետևյալ նշանակումները:
Լեոնիդ Կիրակոսյան՝ միացել է Սոֆթ Կոնստրակտ-ին որպես գլխավոր տնօրեն իր հետ բերելով կորպորատիվ ռազմավարության և տրանսֆորմացիայի հարուստ փորձ, որը կուտակել է McKinsey & Company-ում որպես գործընկեր։
Գուրգեն Հարությունյան՝ ստանձնել է Սիգարոն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Գուրգենը միանում է թիմին՝ ունենալով բազմամյա միջազգային փորձ տարբեր երկրներում։ Նրա վերջին պաշտոնը եղել է Pepsi-ի Վրաստանի գործադիր տնօրեն։
Սուրեն Փախչանյան՝ ստանձնել է Ինեկոբանկի ռիսկերի գծով տնօրենի (CRO) պաշտոնը։ Մինչ այդ Սուրենը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ֆրանկֆուրտում գտնվող ճապոնական Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) բանկում։
Գարեգին Գևորգյան՝ նշանակվել է Արդշինբանկի վարչության անդամ, ֆինանսական տնօրեն։ Գարեգինն ունի հարուստ փորձ ֆինանսաբանկային ոլորտում, այդ թվում` եղել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն։
Նորայր Մխիթարյան՝ միացել է Սոֆթ Կոնստրակտին-ին որպես Group CFO: Մինչ այս նա զբաղեցնում էր Group Financial Controller-ի դերը Revolut-ում, որտեղ նա առանցքային դեր է ունեցել ողջ կազմակերպությունում ֆինանսական համակարգերի և վերահսկողության ընդլայնման գործում։
Տիգրան Պետրոսյան՝ նշանակվել է Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն։ Նախկինում Տիգրանը ղեկավարել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի գործառնական ուղղությունները։
Լևոն Ռուբինյան՝ միացել է ԱՄԻՕ Բանկի թիմին որպես վարչության նախագահի առաջին տեղակալ և գործարարության զարգացման գծով տնօրեն։ Լևոնը բանկային ոլորտի փորձառու մասնագետ է՝ Ինեկոբանկում ծավալած 18-ամյա գործունեությամբ։
Վահան Շխրդումյան՝ նշանակվել է Սիգարոն ընկերության Group CFO։ Վահանը նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Pepsi Հայաստանում և Գրանդ Մաստերում։
Տիգրան Մխիթարյան՝ ստանձնել է Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամի պաշտոնը։ Նախկինում եղել է ԱյԴի Բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն, վարչության անդամ։
Արամ Փինաջյան՝ 2025 թվականին նշանակվել է Արդշինբանկի բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար, իսկ 2026 թվականի հունվարից` վարչության անդամ և ՓՄՁ բիզնեսի տնօրեն։ Նախկինում Արամը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում։
Ռեբեկա Հակոբյան՝ նշանակվել է reArmenia Academy-ի գլխավոր տնօրեն։ Մինչ այս հաստիքը զբաղեցնելը Ռեբեկան Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենն էր։