Այսօր աշխատանքի դիմորդները գործատուներից հետաքրքրվում են ոչ միայն աշխատավարձով կամ պաշտոնի հետ կապված հարցերով, այլեւ՝ որքանով են կանայք ներկայացված իրենց ընկերությունների ղեկավար պաշտոններում եւ արդյոք ընկերությունը իրական քայլեր է անում գենդերային հավասարության ուղղությամբ։
Գրանթ Թորնթոնի «Կանայք բիզնեսում 2026թ․ տեսանելիության արժեքը» զեկույցի համաձայն՝ միջին չափի ընկերությունների ղեկավար պաշտոնի աշխատանքի դիմելիս 91.9% թեկնածուներն ուշադրություն են դարձնում ընկերության գենդերային հավասարության քաղաքականությանը, իսկ նրանցից շուրջ երկու երրորդը դա համարում է կարեւոր գործոն։
Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս, որ միջին բիզնեսի գրեթե քառորդը նշում է, որ աշխատանքի դիմորդները հարցնում են իրենց ղեկավար թիմում կանանց ներկայացվածության կամ գենդերային բազմազանությունը խթանող ծրագրերի մասին։ Նախորդ տարվա համեմատ այս հարցումների թիվը աճել է 14.3 տոկոսային կետով։
Միաժամանակ միջին բիզնեսը հաճախ կարողանում է ներգրավել մասնագետների ավելի խոշոր կազմակերպություններից։ Վերջին վեց ամիսների ընթացքում միջին չափի ընկերություններում նշանակված կին ղեկավարների 43.5%-ը նախկինում աշխատել է ավելի քան 500 աշխատակից ունեցող ընկերություններում։
«Միջին բիզնեսը շարունակում է հետեւողականորեն ներդրումներ անել բազմազանության, հավասարության եւ ներառականության նախաձեռնություններում։ Նրանք արդեն տեսնում են դրա արդյունքը՝ թե՛ բիզնեսի արդյունավետության, թե՛ լավագույն մասնագետներին ներգրավելու տեսանկյունից»,- ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Քիթը:
Գրանթ Թորնթոն Հայաստանի գործընկեր Անի Հակոբյանի խոսքով՝ աշխատաշուկայում գնալով ավելի կարեւոր է դառնում նաեւ այն, թե որքան տեսանելի են կանայք ղեկավար պաշտոններում. «Երբ կանայք տեսնում են իրենց նման առաջնորդների, դա վստահություն է տալիս, որ առաջընթացը հնարավոր է։ Այսօր աշխատանքի թեկնածուները ցանկանում են տեսնել ոչ միայն հայտարարություններ, այլ՝ իրական քայլեր։ Գրանթ Թորթնոն Հայաստանում մեր թիմի մոտ 68-ը կին է, եւ մենք համոզված ենք, որ բազմազան թիմերը կայացնում են ավելի հիմնավոր որոշումներ։ Մենք 2023թ. -ին նաեւ միացել ենք ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներին» (Women’s Empowerment Principles – WEPs)՝ վերահաստատելով մեր հանձնառությունը գենդերային հավասարության եւ կանանց առաջնորդության խթանման հարցում»։
Հետազոտության տվյալներով՝ վերջին շրջանում նշանակված կին ղեկավարների մոտ երկու երրորդը հենց ընկերությունների ներսում կարիերայի առաջխաղացման արդյունք է։ Միաժամանակ միջին չափի ընկերությունների 21.9%-ը նախատեսում է նվազեցնել կամ արդեն նվազեցրել է գենդերային հավասարության որոշ քայլեր, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես տաղանդների ներգրավման, այնպես էլ ներդրումների գրավչության վրա։
Այս տարվա տվյալներով աշխարհում ղեկավար պաշտոններում կանանց բաժինը կազմում է 32.9%, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով:
Հետազոտությունը ընդգծում է, որ կանանց առաջնորդության տեսանելիությունը կարեւոր պայման է ինչպես նոր տաղանդների ներգրավման, այնպես էլ բիզնեսի երկարաժամկետ զարգացման համար։
www.grantthornton.am կայքում «Կանայք բիզնեսում 2026թ․ տեսանելիության արժեքը» ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ: