ՄԱՍԿ-ը կմասնակցի ԱԺ ընտրություններին, բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ․ Աղազարյան

Քաղաքականություն

09.03.2026 | 13:59

Առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու որոշում ունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) նախագահ Հովիկ Աղազարյանը։

«Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրություններին գնալ այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով։ Դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այսինքն` մեկ միասնական ցուցակով, որ ավելի հեշտությամբ հաղթահարենք խորհրդարան անցնելու շեմը»,-ասաց Աղազարյանը։

Նրա խոսքով՝  բանակցություններ չեն վարում «Մեր ձևով» շարժման, «Հայաստան» դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, ՀԱԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ։

Հովիկ Աղազարյանը 2024 թ. դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։ Ամիսներ անց նա հայտարարեց իր ստեղծած կուսակցության մասին, որի փոխնախագհն էլ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանն է։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։  Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:

Leave a comment