Կիպրոսում ավիաբազան հարվածած դրոնում ռուսական բաղադրիչներ են հայտնաբերվել

Քաղաքականություն

08.03.2026 | 20:53

Մարտի 2-ի գիշերը Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի ավիաբազային հարված հասցրած անօդաչու սարքը հագեցած է եղել ռուսական ռազմական տեխնիկայով։ Այդ մասին նշվում է մարտի 7-ին՝ շաբաթ օրը, բրիտանական The Times օրաթերթի կայքում հրապարակված նյութում։

«Դրոնի վրա տեղադրված է եղել ռուսական արտադրության «Կոմետա-Բ» նավիգացիոն համակարգը՝ սարք, որը առաջին անգամ հայտնաբերվել էր անօդաչուների վրա, որոնք ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները որսացել էին դեկտեմբերին»,- նշվում է հրապարակման մեջ։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը հայտնաբերված բաղադրիչները ուղարկել է երկրի լաբորատորիա՝ հետագա ուսումնասիրության համար։ Ենթադրվում է, որ հարձակումը իրականացրել են Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորման զինյալները։

Ինչպես նշվում է, այս բացահայտումը առաջին անգամ վկայում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող պատերազմում օգտագործվել է ռուսական ռազմական տեխնիկա, և այն մտահոգություն է առաջացնում այդ ռազմական հակամարտությունում Մոսկվայի աճող ազդեցության վերաբերյալ։

«Դա տեղի է ունեցել այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ Ռուսաստանը Իրանին փոխանցում է հետախուզական տեղեկություններ՝ օգնելու համար հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին, այդ թվում՝ ամերիկյան ռազմական նավերի և ինքնաթիռների տեղակայման մասին տվյալներ»,- գրում է բրիտանական թերթը։

Leave a comment