Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։


«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։ Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի յոթի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ, Հայաստանի ժողովրդին յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դուրս է բերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռեսուրսների վրա դնելու», – հայտարարել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հավաքի ժամանակ։


Նրա խոսքով, այս ընտրություններում ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ Հայաստանի Հանրապետությունում, «պետությանը և մեր ժողովրդին պետք է, որ խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Մեր նշաձողը 65% ն է այս ընտրություններում»։


Փաշինյանը նաև ավելացրել է, որ ժողովրդի կողմից տրված վստահության հետ մեկտեղ «մենք չպետք է ոչ մի վայրկյան մեր զգոնությունը թուլացնենք, մեզ ասելով՝ ես ի նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև մեր ընտրողներին, մեր ժողովրդին»։


«2026թ․–ի հունիսի 7–ի ընտրություններում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն։ Եվ այդ հեղափոխությունն անելու որոշում պետք է կայացնի մի մարդ, ընդամենը մի մարդ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ուղիղ եթերում, որ հետևում ես մեզ, և այդ մեկ մարդը դու ես, և այդպես հազար, տասը հազար, հարյուր հազար, հինգ հարյուր հազար, մի միլիոն մարդ պիտի գնա ընտրական տեղամաս և տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի պետությանը, և տեր կանգնի մեր նահատակների զոհողություններին։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ շատ», – հայտարարել է նա։




Leave a comment