Այսօր Դիլիջան քաղաքը զարգացման նոր փուլ է ապրում՝ որպես կրթական կենտրոն, զբոսաշրջային կլաստեր եւ մշակութային նախաձեռնությունների հարթակ։ Առավել հաճախ այս փոփոխությունների շարժիչ ուժ են դառնում մասնավոր հիմնադրամները՝ համախմբելով պետության, բիզնեսի, հասարակական հատվածի եւ դոնորների ջանքերը:
Green Rock հիմնադրամը հենց այս օրինակներից է: Դրա գործունեությունն ընդգրկում է կրթության, գաստրոնոմիայի, մշակույթի, երիտասարդության աջակցության եւ քաղաքային միջավայրի զարգացման ոլորտները:
Banks.am-ի հետ զրույցում Green Rock հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան պատմել է՝ ինչպես է ձեւավորվում տարածաշրջանի երկարաժամկետ ռազմավարությունը, ինչու է շեշտը դրվում միջազգային չափանիշների ու տեղական տաղանդների վրա, եւ ինչպիսի փոփոխություններ են սպասվում Դիլիջանում մոտ ապագայում:
«Green Rock-ը Դիլիջանի հետ կապված մեծ պլաններ ունի»
Green Rock հիմնադրամը ստեղծվել է Green Rock Management Company մայր ընկերության կողմից՝ որպես դրա սոցիալական բաղադրիչ: Ընկերությունն իրականացնում է ռազմավարական նախագծեր, որոնք ուղղված են տարածքների, ենթակառուցվածքների եւ տնտեսության զարգացմանը՝ կիրառելով առաջատար տեխնոլոգիաներ եւ կենտրոնանալով երկարաժամկետ փոփոխությունների ու տեղական ներուժի բացահայտման վրա:
Green Rock հիմնադրամի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսին, որից հետո ավելի քան մեկ տարի տեւել է հիմնական նպատակների եւ խնդիրների ձեւակերպման գործընթացը: Հիմնադրամի ակտիվ գործունեությունը մեկնարկել է 2025 թվականի հունիսին՝ Դիլիջանում ամառային ծրագրով եւ մեր առանցքային նախագծերից մեկի՝ Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի զուգահեռ գործարկմամբ:
Միեւնույն ժամանակ, հիմնադրամն ապրում է ինքնուրույն կյանքով եւ երբեմն նույնիսկ հուշում Green Rock ընկերությանը՝ ինչպիսի նախագծեր է անհրաժեշտ իրականացնել միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։
Green Rock ընկերությունը եւ հիմնադրամը Դիլիջանի հետ կապված մեծ պլաններ ունեն: Մենք ցանկանում ենք քաղաքն էլ ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների, ռելոկանտների եւ, իհարկե, տեղի բնակիչների համար: Ըստ արդեն իսկ հաստատված նախագծերի՝ մինչեւ 2029թ.-ն այստեղ կկառուցվի խոշոր հյուրանոց եւ տարածաշրջանի ամենամեծ համերգասրահը: Այս տարվա ապրիլի վերջին, կսկսի գործել Cabinet բար-սրճարանը, իսկ մայիսի վերջին կբացվի Villa 3-ը՝ աշխատանքի եւ ուսման համար նախատեսված ժամանակակից, ստեղծարար տարածքը: Իրականացման փուլում են մի շարք այլ նախագծեր, որոնց նպատակն է քաղաքը դարձնել էլ ավելի գրավիչ։
Ինչո՞ւ հենց Դիլիջանը
Իսկ էլ որտե՞ղ, եթե ոչ Դիլիջանում (ծիծաղում է – խմբ.): Այս քաղաքն արդեն իսկ յուրօրինակ կրթական կենտրոն է. այստեղ գործում է UWC Dilijan դպրոցը եւ ոլորտի այլ նախագծեր: Մենք որոշեցինք, որ հենց այստեղ ճիշտ կլինի հիմնադրել մեր Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը:
Կատյա Բրեդիխինան
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Green Rock ընկերության գործունեության թիրախում հիմնականում Դիլիջանն է, թեեւ նախագծեր կան նաեւ Երեւանում: Բացի այդ, մեր խնդիրն է Դիլիջանը գրավիչ դարձնել ոչ միայն ենթակառուցվածքների տեսանկյունից, այլեւ աշխատել համայնքի զարգացման ուղղությամբ:
Մենք ունենք նաեւ մշակույթի եւ արվեստի հետ կապված նախագծեր, իսկ Դիլիջանը պատմականորեն հարուստ է եղել հենց մշակութային իրադարձություններով: Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք նվազել են, եւ մենք փորձում ենք վերականգնել այդ ավանդույթը: Այս տարի նախատեսում ենք կազմակերպել մի շարք փառատոներ, համաժողովներ եւ ֆորումներ։
Մեր հիմնադրամն աշխատում է նաեւ կայուն զարգացման եւ էկոլոգիայի ուղղությամբ, իսկ Դիլիջանում շատ են թափառող շները: Մեծ աշխատանք ենք իրականացրել կամավորների հետ, որոնք արդեն մի քանի տարի է՝ զբաղվում են այդ հարցով: DiliDogs նախագծի շրջանակում ցանկանում ենք փոխել Դիլիջանում ապրող, աշխատող կամ այս քաղաք այցելող մարդկանց վերաբերմունքը եւ քաղաքը դարձնել առավելագույնս անվտանգ՝ շների հետ համակեցության պայմաններում: Այդ իսկ պատճառով զբաղվում ենք շների ստերջացմամբ եւ պատվաստմամբ:
Ունենք նաեւ տեղացի երիտասարդությանն աջակցող նախագիծ՝ NextGen-ը: Դրա նպատակն է զարգացնել տեղական տաղանդները՝ աջակցելով երիտասարդների նախաձեռնություններին: Մեր խնդիրն է մոտիվացնել երիտասարդությանը ոչ միայն ֆինանսապես՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով, այլեւ՝ մենտորության բաղադրիչի տեսանկյունից:
Մեր նախագծերից մեկը կապված է Դիլիջանի միակ մարզադպրոցի հետ: Մոտ երկու տարի առաջ Green Rock ընկերությունը վերանորոգել է այն: Եթե սկզբում այնտեղ գործում էր միայն հունահռոմեական ըմբշամարտի խմբակ, ապա այժմ դպրոցում կա մարմնամարզության երկու դասարան: Մենք աջակցում ենք Վանաձորից ժամանող ուսուցիչներին, որոնք աշխատում են շուրջ 30 աշակերտի հետ: 2025 թվականի հոկտեմբերից դպրոցում գործում է նաեւ բալետի դասարան: Ուսուցիչները ժամանում են Երեւանից, եւ այժմ նրանք ունեն 43 աշակերտ, այդ թվում՝ երկու տղա։ Նախատեսվում է, որ շուտով բալետի խումբ կբացվի նաեւ տարիքով ավելի փոքր երեխաների համար։
«Զարգացմանն ուղղված հավաքական մոտեցումը միշտ ամենակայուն մոդելն է»
Green Rock հիմնադրամը համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ կախված այս կամ այն նախագծի ուղղվածությունից։ Օրինակ՝ հիմնադրամի ընդհանուր գործունեության ընթացքում ակտիվ փոխգործակցում ենք Դիլիջանի քաղաքապետարանի հետ:
Ինչ վերաբերում է Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցին, ապա այստեղ մեր հիմնական գործընկերներն իտալացիներն են, քանի որ մենք աշխատում ենք նրանց մեթոդաբանությամբ: Կիրառում ենք միջազգային չափանիշներ՝ միեւնույն ժամանակ համագործակցելով տեղացի շեֆ-խոհարարների հետ, օրինակ՝ Սեդրակ Մամուլյանի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս պահին սկսում ենք ակտիվ աշխատել նաեւ տեղի քոլեջի հետ, որն ունի երեք բաժին՝ խոհարարական, զբոսաշրջային եւ բժշկական: Առաջին երկու բաժինները մեզ համար առանձնակի հետաքրքիր են, եւ այստեղ գործընկերության մեծ հնարավորություններ ենք տեսնում:
Meet Dilijan նախագծի շրջանակում արդեն ունենք ավելի քան 75 գործընկեր՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, ծառայություններ մատուցողներ եւ այլ բիզնեսներ: Նրանց բոլորին հետաքրքրում է զարգացմանն ուղղված հավաքական մոտեցումը: Դա միշտ ամենակայուն մոդելն է:
Green Rock հիմնադրամի նախագծերը. տեղական տաղանդներ, ֆլորենտական չափանիշներ եւ հայկական տեքստիլ ժառանգություն
NextGen նախագիծը գործարկել էինք 2025 թվականին: Ինչպես արդեն նշեցի, դրա նպատակն է աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանը, դրա զարգացմանը եւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։
Ի սկզբանե միջոցներ ունեինք միայն մեկ դրամաշնորհի համար՝ 1,5 հազար դոլարի չափով: Մեզ համար կարեւոր էր, որ նախագիծն իրականացվեր անմիջապես Դիլիջանի պատանիների կողմից, եւ այդ ժամանակ թիրախում ավագ դպրոցի աշակերտներն էին։ NextGen-ի մեկնարկից հետո, սակայն, մեզ միացավ եւս մեկ դոնոր՝ հնարավորություն տալով աջակցել արդեն երկու նախագծի իրականացմանը:
Առաջին նախագիծը խաղահրապարակն էր Դիլիջանի հեռավոր թաղամասերից մեկում: Այս գաղափարն առաջարկել եւ իրականացրել էր տեղացի պատանի Վահանը, ում ամեն հարցում օգնում էին ընտանիքը, ընկերները եւ ուսուցիչները: Դա շատ կարեւոր է ոչ միայն քաղաքային միջավայրի, այլեւ՝ մտածողության փոփոխության տեսանկյունից, քանի որ երեխաները հասկանում են՝ որեւէ նպատակի հասնելու համար պարտադիր չէ հեռանալ Դիլիջանից, կարելի է նախ եւ առաջ բարելավել սեփական միջավայրը: Մենք նույնպես ամեն կերպ աջակցել ենք Վահանին յուրաքանչյուր փուլում՝ սկսած ճիշտ բյուջեի կազմելուց, անհրաժեշտ սարքավորումների գնումից, մինչեւ՝ հրապարակի բացում: Ի դեպ, բացմանը ներկա էր շուրջ 210 մարդ, այդ թվում՝ հարեւան մանկապարտեզի բոլոր սաները (ժպտում է – հեղ.):
Կատյա Բրեդիխինան
Լուսանկարը՝ Մեդիամաքս
NextGen-ի երկրորդ նախագիծն իրականացրել էր մի աղջիկ՝ Յանան: Նա ցանկանում էր հետաքրքիր ձեւով պատմել Դիլիջանի տեսարժան վայրերի մասին եւ որոշեց, որ դա հարմար կլինի անել QR-կոդերով ցուցանակների միջոցով: Մենք դրանք տեղադրեցինք քաղաքի տարբեր հայտնի կետերում, ստեղծեցինք կայք, եւ յուրաքանչյուրն, ով կսկանավորի կոդը, կարող է ինքնուրույն կազմել իր հետաքրքիր երթուղին քաղաքով:
Այս տարի NextGen-ի շրջանակում նախատեսում ենք տրամադրել արդեն չորս դրամաշնորհ մասնավոր դոնորների կողմից: Հայտ կարող են ներկայացնել 15-ից 25 տարեկան անձիք: Գլխավոր պայմանն այն է, որ նրանց ջանքերն ուղղված լինեն Դիլիջան քաղաքի բարելավմանը:
Հայաստանում ժողովուրդը շատ հյուրասեր է: Դա արդեն բնավորություն է, արյան մեջ է, գեներում: Apicius Armenia հյուրընկալության դպրոցում մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներ եւ միջազգային կրթություն, որը հղկվել է տարիների ընթացքում: Մեր գործընկերներն այս ոլորտում ունեն 28 տարվա փորձ: Բացելով հյուրընկալության դպրոցը՝ ցանկանում ենք հզորացնել արդեն իսկ գոյություն ունեցող հատկանիշները, որպեսզի այդ ամենն իրականացվի ավելի թեթեւ, պարզ եւ պրոֆեսիոնալ: Մեզ համար շատ կարեւոր է փոխել այն կարծրատիպը, թե սպասարկման ոլորտում աշխատելը կարող է ամոթալի լինել:
Ինչպես արդեն նշեցի, Green Rock ընկերությունը պլանավորում է մի շարք խոշոր նախագծեր, որոնք 2028-2029 թվականներից սկսած պետք է աշխատանքով ապահովեն շուրջ 800 մարդու: Շատ ենք ցանկանում, որ նրանք լինեն տեղացի մասնագետներ, որոնք կկարողանան մատուցել միջազգային մակարդակի ծառայություններ։
2024 թվականի ապրիլին սկսեցինք հյուրընկալության դպրոցի բացման համար գործընկերոջ ընտրությունը: Ի սկզբանե մեզ համար կարեւոր էր ներգրավել միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան գործընկերոջ: Նա պետք է լիներ ակտիվ, ճկուն, դինամիկ, առաջադեմ եւ փորձառու: Ուսումնասիրեցինք մի շարք տարբերակներ՝ հիմնականում Եվրոպայից եւ Ասիայից:
Կատյա Բրեդիխինան
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արդյունքում ձեւավորվեց ամբողջ աշխարհի 20 դպրոցներից բաղկացած «shortlist»: Ես այցելեցի բոլոր այդ հաստատությունները եւ վարեցի բանակցություններ: Արդյունքում ընտրեցինք Ֆլորենցիայի արվեստների համալսարանը: Մեր նախագիծը շատ հավակնոտ էր, նախատեսում էինք դպրոցը բացել մի քանի ամսվա ընթացքում: Իտալացիները մեզ հետ ներգրավվեցին այս «արկածախնդրության» մեջ (ժպտում է – հեղ.), եւ դպրոցը բացվեց 2025 թվականի սեպտեմբերին:
Apicius Armenia-ն ունի երեք հիմնական ուղղություն՝ ակադեմիական ծրագիր, Food, Wine and Wellness (խոհարարներ, հրուշակագործներ, սոմելյեներ, սննդաբաններ) եւ երրորդ ուղղությունը՝ Hospitality Management (հաղորդակցություն, հյուրանոցների եւ ռեստորանների կառավարում եւ այլն):
Դպրոցում երկամյա ուսուցումից հետո ուսանողը դառնում է կայացած պրոֆեսիոնալ, եւ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այս կրթությունը լիովին բավարար է առաջնակարգ հաստատություններում աշխատելու համար: Դպրոցում դասավանդում են իտալացիները, որոնք հատուկ այդ նպատակով ժամանում են Դիլիջան: Ուսման ընթացքում ուսանողներն անմիջապես աշխատում են իրական բիզնեսներում՝ իրենց դասախոսների վերահսկողության ներքո:
Բացի այդ, մեկ ամսից մենք Դիլիջանում բացում ենք մեր C-E-M-I-ն (Community Engagement Member Institute): Դա իրական բիզնեսի ինստիտուցիա է, որը սկսում է գործել համայնքում: Այնտեղ աշխատում են միայն ուսանողներ, բայց դա լիարժեք բիզնես է, որտեղ կարող է գալ ցանկացած մարդ՝ սնվելու կամ սուրճ խմելու: Դիլիջանի C-E-M-I-ում կլինի իտալական խոհանոց, եւ աշակերտները կպատրաստեն այն, ինչ սովորում են դասերի ընթացքում։
Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել Ֆլորենցիայում:
Այժմ ընթացքում է Apicius Armenia-ի նոր շենքի կառուցումը: Այնտեղ կլինեն լսարաններ, լաբորատորիաներ եւ եւս մեկ ռեստորան՝ C-E-M-I ձեւաչափով: Իսկ հարեւան շենքում կլինի բնակության տարածք ուսանողների, դասախոսների եւ դպրոցի աշխատակիցների համար:
Apicius Armenia կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր ունեն դպրոցական ատեստատ՝ առանց տարիքային սահմանափակման: Մեր ամենատարեց ուսանողը 53 տարեկան է. նա Արցախից մի կին է, որը ցանկանում է վերսկսել իր կյանքն արդեն Դիլիջանում եւ այստեղ հյուրանոց բացել: Այս պահին ունենք 16 ուսանող՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ընդունվելու համար անհրաժեշտ է անգլերենի իմացություն, իսկ մնացած բոլոր մանրամասները կարելի է գտնել դպրոցի կայքում: Մեր լավագույն ուսանողներին կսպասենք արդեն Green Rock-ի նախագծերում (ժպտում է – հեղ.):
Մենք համագործակցում ենք Դիլիջանի հայկական տեքստիլի թանգարանի՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի հետ: Հայկական տեքստիլի թանգարանը վերջերս է վերանորոգվել, եւ այժմ այստեղ ներկայացված է անհավանական ցուցադրություն՝ գույների, էքսպոզիցիայի եւ բովանդակության տեսանկյունից: Green Rock հիմնադրամը «թանգարանի պաշտոնական բարեկամն» է, քանի որ մշակույթն ու արվեստը մեր գործունեության առանցքային ուղղություններից են:
Նախատեսում ենք նաեւ հայկական ասեղնագործության մասին գիրք հրատարակել։ Համագործակցության հնարավորությունները շատ են, այդ թվում՝ ոչ ստանդարտ հուշանվերների ստեղծումը, որոնք կլինեն անհատական, ֆունկցիոնալ և կապված տարածաշրջանի մշակութային ժառանգության հետ:
Թանգարանն այսօր մեծ աշխատանք է տանում ավանդականից ավելի նորարար ձեւաչափի անցնելու ուղղությամբ, եւ մենք պատրաստ ենք աջակցել այդ ճանապարհին:
«Դիլիջանը դարձնել ձգողության կետ»
2026 թվականի սկզբին Green Rock հիմնադրամը դարձել էր Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT, International Institute of Gastronomy, Culture, Arts and Tourism) անդամ: Սա փորձագետների եւ պրոֆեսիոնալների համաշխարհային ցանց է, որը զբաղվում է տարածքների զարգացմամբ՝ վերոնշյալ ուղղությունների միջոցով: Այս համայնքի մաս կազմելը մեծ առավելություն է երկրի համար եւ հիանալի հնարավորություն՝ գրավելու միջազգային ուշադրություն։
Կատյա Բրեդիխինան
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս տարվա մայիսին նախատեսում ենք հայտ ներկայացնել World Region of Gastronomy անվանակարգի համար՝ ներկայացնելով Հայաստանի եւ մասնավորապես Դիլիջանի մշակութային ու խոհարարական ավանդույթները, ինչպես նաեւ՝ զբոսաշրջային ներուժը: Այժմ կազմում ենք ծրագիրը միջազգային ժյուրիի գնահատման համար, որը հուլիսին կժամանի Հայաստան: Մեր նպատակն է նախապատրաստել տարածաշրջանը զբոսաշրջիկների մեծ հոսքին եւ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Մեզ համար կարեւոր է Դիլիջանը դարձնել ձգողության կետ։
«Փոխել մարդկանց կյանքը՝ զարգացնելով քաղաքի տնտեսությունը»
Սոցիալական նախագծերով ես զբաղվում եմ ավելի քան 20 տարի եւ առաջին անգամ Դիլիջան եմ եկել դեռ 2014 թվականին: Հիշում եմ՝ ինչպիսի բեկումնային քայլ էր UWC դպրոցի հիմնադրումը: Այն ժամանակ շատերը նույնիսկ չէին պատկերացնում, որ նման մակարդակի դպրոց կարող է լինել ոչ միայն Դիլիջանում, այլեւ՝ ընդհանրապես Հայաստանում: Անձամբ տեսել եմ՝ ինչպես են տասնամյակների ընթացքում հարթվում կրթության նոր միտումների եւ առկա իրավիճակի միջեւ եղած տարբերությունները: Բացի ուղղակի մասնակցությունից, երբեմն նույնիսկ նման խոշոր նախագծի առկայությունն արդեն իսկ մոտիվացնող է:
Պատմականորեն այնպես է ստացվել, որ հնարավորությունների մեծ մասը միշտ երկրի կենտրոնում է, եւ շատ կարեւոր է, երբ բիզնեսը սկսում է ներգրավվել այն տարածաշրջանային նախաձեռնությունների աջակցմանը, որոնք պետությունն այսպես թե այնպես արդեն ծրագրել է: Դիլիջանը զարգանալու է եւ պետք է զարգանա որպես զբոսաշրջային կլաստեր: Հենց այդ պատճառով այսօր քաղաքում կա ավելի քան 105 հյուրանոց եւ հյուրատուն: Ակտիվ սեզոնին դրանք կարող են նույնիսկ չբավականացնել, սակայն սեզոնից դուրս հաճախ դատարկ են մնում: Մեր խնդիրն է, ի թիվս այլոց, հարթել այս «սեզոնայնությունը»:
Կարծում եմ՝ հատկապես մարզերում չափազանց կարեւոր է պետություն-բիզնես փոխգործակցությունը: Միայն համատեղ ջանքերով է հնարավոր զարգացնել քաղաքի տնտեսությունը եւ դրանով իսկ փոխել տեղի բնակիչների կյանքը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի