Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծով է մտել

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը, Ջիբրալթարով անցնելուց հետո, մտել է Միջերկրական ծով՝ ուղղություն վերցնելով դեպի Մերձավոր Արևելք, հաղորդում է Itamilradar պորտալը։

Նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ավիակիրն այնտեղ ուղարկել՝ իրանական ճգնաժամի սրման հետ մեկտեղ դաշնակից ուժերի և տարածաշրջանային օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այդ որոշումն ազդարարում է եվրոպական ռազմածովային ուժերի վերատեղակայումը դեպի Մերձավոր Արևելք, նշված է հաղորդագրության մեջ։

Ավիակիրը շտապ կերպով վերաուղղորդվել է Միջերկրական ծով Բալթիկ ծովի տարածաշրջանից, որտեղ այն մասնակցում էր Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ զորավարժանքներին։ Որոշումն արտացոլում է Իրանին հարվածներից և տարածաշրջանում Թեհրանի պատասխան գործողություններից հետո արագ վատթարացող ռազմավարական իրավիճակը, նշում է Itamilradar-ը։

Մակրոնը Le Figaro պարբերականին ասել է, որ Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, այլ միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին։ «Ֆրանսիան պատերազմ չի մղում այս տարածաշրջանում։ Այն պաշտպանում է ֆրանսիացի տղամարդկանց և կանանց, իր դաշնակիցներին և աջակցում է Լիբանանին»,- ընդգծել է նա։

Itamilradar-ի տվյալներով՝ մի քանի եվրոպական նավեր արդեն տեղակայվել են Արևելյան Միջերկրական ծովում՝ Կիպրոսը իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների աճող սպառնալիքից պաշտպանելու համար: Կղզու մոտակայքում գործում են ֆրանսիական և հունական ռազմանավեր, մինչդեռ գերմանական FGS Nordrhein-Westfalen ֆրեգատը գտնվում է Լիբանանի ափերի մոտ: Միևնույն ժամանակ, ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ USS Gerald R. Ford ավիակիրի գլխավորությամբ, Մերձավոր Արևելքի ափերի մոտ ակտիվորեն մասնակցում է Իրանի դեմ գործողություններին և Իսրայելի պաշտպանությանը:

Leave a comment