Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվում է մի լուսանկար, որում երևում են Իրանի զինված ուժերի կողմից գերեվարված ամերիկացի զինվորներ․ լուսանկարում կան Իրանի դրոշներն ու նախկին գերագույ հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի լուսանկարը։
Արտապատկերումը՝ Հայկ Նահապետյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսաստանյան քարոզչական տելեգրամ ալիքներից մեկի էկրանապատկերը ֆեյսբուքյան տիրույթ բերած օգտատերից մեկը պնդել է, թե «Իրանի արևմուտքում ռազմական գործողության ընթացքում գերեվարվել են ամերիկացի զինվորներ»։
Նշենք, որ այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարված չէ Իրանի դեմ ցամաքային գործողության ընթացի մասին․ բաց աղբյուրներում ևս չկան տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ զինված ուժերը ցամաքային գործողություններ են իրականացնում Իրանի դեմ։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է լուսանկարն ու պարզել, որ այն ստեղծված է արհեստական բանականության, մասնավորապես Gemini-ի միջոցով։
Արտապատկերումը՝ ԱԲ գեներացված բովանդակություն հայտնաբերման HIVE հարթակից։
Հատկանշական է, որ ծնկաչոք եղած զինվորների դիրքը գրեթե նույնն է, բոլորը նույն ձևով ծնկի են եկել, գլուխները նույն անկյունով են խոնարհված, գլխի ու դեմքի կառուցվածքն էլ բոլորինը նույնն է։ Նույնն է նաև մաշկի գույնը։ Բացի այդ, լուսանկարում ակնառու է քարոզչական բեմադրությունը՝ իրանական դրոշ, կրոնական արդեն նախկին առաջնորդի լուսանկար ու զինված իրանական ուժեր։
Gemini-ի նշանը, ինչը վկայում է, որ պատկերը ստեղծված է AI գործիքի միջոցով
Նշենք, որ լուսանկարն առաջինը տարածվել է X հարթակում․ այն տարածել են նաև ավելի քան 500 օգտատերեր։
Արտապատկերումը X-ից
Այսպիսով, լուսանկարը ներկայացվում է այնպես, կարծես Իրանը գերեվարել է արևմտյան զինվորների, սակայն նման միջադեպի մասին որևէ վստահելի միջազգային աղբյուր չի հայտնել։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ պատկերը օգտագործվում է տեղեկատվական մանիպուլյացիայի շրջանակում։ Հետևաբար Իրանի Զինված ուժերի կողմից ԱՄՆ զինվորականների գերեվարման նկարը կեղծ է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։
Նանե Մանասյան
The post Իրանի կողմից գերեվարված ամերիկացի զինվորների նկարը կեղծ է․ այն տարածվում է հայաստանյան սոցմեդիայում appeared first on FIP.AM.