ՌԴ-ն Իրանին հետախուզական տվյալներ է տրամադրում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական թիրախներին հարվածելու համար. WP

Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն Իրանին տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան ռազմական միջոցների, այդ թվում՝ ռազմանավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով հետախուզությանը ծանոթ երեք աղբյուրների, գրում է Current time-ը։

«Դա, կարծես, բավականին լայնածավալ նախաձեռնություն է»,- ասել է աղբյուրներից մեկը։

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերած օգնության ծավալը թիրախների նույնականացման գործում մնում է անհասկանալի։ Պաշտոնյաների խոսքով՝ իրանական բանակի՝ ամերիկյան ուժերը հայտնաբերելու կարողությունը նվազել է գործողությունների մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Մարտի 1-ին Քուվեյթում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էին վեց ամերիկացի զինծառայողներ, մի քանիսը՝ վիրավորվել։ Ըստ The Washington Post-ի՝ Իրանը հազարավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր և հարյուրավոր հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմական դիրքերի, դեսպանատների և քաղաքացիական անձանց վրա։

ԿՀՎ-ն և Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանություն տալ։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չի արձագանքել պարբերականի մեկնաբանության հարցմանը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Պենտագոնը հայտարարել է, որ վեց օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը խորտակել են ավելի քան 30 իրանական նավ և ոչնչացրել դրա արձակման կայանքների 60 տոկոսը, մինչդեռ Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումները նվազել են 90 տոկոսով։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը զգուշացրել է Թեհրանին, որ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող դիմակայել շարունակվող պատերազմին, հավելելով, որ ամերիկյան զորքերը նոր են սկսել մարտական ​​գործողությունները: Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրն էլ հայտարարել է, որ իսրայելական ուժերը սկսում են Իրանի դեմ հարվածների նոր փուլ, որի ընթացքում նրանք «կշարունակեն կոչնչացնել ռեժիմը և նրա ռազմական կարողությունները»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment