Իսրայելական ուժերը Թեհրանում ոչնչացրել են Խամենեիի ստորգետնյա բունկերը. իսրայելական բանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.03.2026 | 16:40

Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերն այսօր առավոտյան ոչնչացվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Times of Israel-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելցի զինվորականները։

Շուրջ 50 կործանիչներ 100 ռումբ են նետել այդ վայրի վրա, որը, ըստ Իսրայելի բանակի, գտնվում է Թեհրանում Իրանի «ղեկավարության համալիրի» տակ՝ տարածվելով բազմաթիվ փողոցներով և ներառելով «բազում մուտքի կետեր և սենյակներ իրանական ռեժիմի ավագ անդամների հավաքույթների համար»։

«Ստորգետնյա բունկերը կառուցվել է համալիրի տակ և անվտանգ արտակարգ միջոց էր պատերազմը կառավարելու համար առաջնորդի կողմից, որը վերացվել է՝ նախքան այն օգտագործելը»,- հայտարարել է Իսրայելի բանակը։

Նշվում է, թե փետրվարի 28-ին Խամենեիի սպանությունից հետո «համալիրը շարունակել են օգտագործել իրանական ռեժիմի բարձրաստիճան անդամները»։

Իսրայելի բանակի տվյալներով՝ Ռազմական հետախուզության վարչության 8200 և 9900 ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են, համապատասխանաբար, ազդանշանների և տեսողական հետախուզության համար, տարիներ շարունակ քարտեզագրել են տարածքը, ինչը հնարավորություն է տվել իրականացնել այսօրվա «ճշգրիտ» հարվածը։

Հակամարտության ընթացքում Իսրայելի բանակը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իրանի «ղեկավարության համալիրի» օբյեկտներին։

Պատերազմի առաջին փուլում հարվածի ժամանակ իսրայելական ուժերը սպանել են Խամենեիին իսկ նստավայրում, որը համալիրի մի մասն է կազմում: Զինվորականների տեղեկացմամբ՝ մոտակա շենքին հասցված մեկ այլ հարվածի հետևանքով զոհվել է ութ բարձրաստիճան իրանցի պաշտոնյա: Երեքշաբթի իսրայելական կողմը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել համալիրի մի քանի թիրախների, այդ թվում՝ Իրանի նախագահական նստավայրին և Ազգային անվտանգության գերագույն գործակալության կենտրոնակայանին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment