Այսօր՝ մարտի 6-ին, հրապարակվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի` (International Republican Institute) ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցը, որում արտացոլվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի վարկանիշը։
Հարցումն անցկացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի «Հարցումների հետազոտությունների կենտրոնի» անունից՝ Breavis-ի կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից): Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ CATI-ի կողմից անցկացված հեռախոսազրույցների միջոցով: Ընտրանքը բաղկացած էր n=1,506 Հայաստանի բնակիչ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (ովքեր կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ): Ընտրանքից բացառվել են այն բնակիչները, որոնք ապրել են Հայաստանում վեց ամսից պակաս:
Ըստ այդմ` առաջատար է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչի առթիվ սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր, տարբեր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ կասկածի տակ են դրել հետազոտության արժանահավատությունը։
Արտապատկերումը՝ 2026-ի զեկույցից։
Ըստ վարկանիշի` կառավարող ուժի օգտին կքվեարկի հարցվածների 24%-ը․ 2-րդը՝ 9%-ով նոր գրանցված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, որի թեկնածուն համարվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը։
3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը, ըստ հարցումների, չեն հաղթահարում օրենսդրությամբ նախատեսված անցողիկ շեմը՝ դաշինքների համար 8%, կուսակցության համար՝ 4%։ Երկուսն էլ ունեն համապատասխանաբար 3% վարկանիշ։
«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է այս և նախորդ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիալական հարցումները, ինչպես նաև համեմատել նախորդ ընտրություններում ուժերի գրանցած իրական արդյունքների հետ։
2021-ի զեկույցն արտացոլում էր քվեարկության միտումները
Այսպես, համաձայն 2021 թվականի մայիսի 28-ին հրապարակված զեկույցի (2021-ին ընտրությունները կայացել են հունիսի 20-ին-խմբ․)՝ կառավարող ուժը առաջատար էր՝ 26% վարկանիշով։
Արտապատկերումը՝ 2021-ի զեկույցից։
Նշենք, որ հարցման մեջ օբյեկտիվորեն արտացոլված չէր այդ ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի վարկանիշը, քանի որ այն իր կազմավորման մասին պաշտոնապես ազդարարել է նույն թվականի մայիսի 9-ին, մինչդեռ հարցման տվյալները հավաքագրվել են 2021 թվականի ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։
2021-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ քվեների մեծամասնությունը՝ 53.92%, «Հայաստան» դաշինքը՝ 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%։
Այսպիսով, IRI-ի հարցումը 2021-ին ցույց էր տալիս, որ հարցվածների շրջանում առաջատարը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նման միտում արձանագրվեց նաև ընտրությունների վերջնական արդյունքներով, երբ ՔՊ-ն ստացավ ձայների մեծամասնությունը։
Հայկական Gallup-ի տոկոսներն ու իրականությունը
Նշենք, որ արդեն «Հայաստան» դաշինքի ձևավորումից հետո սոցիալական հարցումներ անցկացրեց նաև հայկական Gallup-ը, որի խնդրահարույց հետազոտությունների մասին FIP.am-ը նախկինում գրել է։
Կարդացեք նաև՝ Վստահե՞լ, թե՞ ոչ հայկական Gallup-ին. երկու Gallup-ների պատմությունը
Ըստ այդ հարցումների՝ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն առաջատար էր և հաղթելու հնարավորություն ուներ ընտրություններում․ այդ կազմակերպությունը 28,7% էր գնահատել դաշինքի վարկանիշը, մինչդեռ ՔՊ-ինը՝ 25․2% էր։
Այսպիսով, նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից առաջ հրապարակված IRI-ի հարցումներով ևս ՔՊ-ն առաջատար էր, և ընտրություններում այն իսկապես հաղթեց՝ ստանալով 53.92%։
Սրան զուգահեռ, 2021 թվականի փորձը ցույց է տալիս, որ տարբեր կազմակերպությունների հարցումները կարող են էապես տարբեր արդյունքներ ցույց տալ։
Նկատենք, որ նախընտրական հարցումները չեն կարող ճշգրիտ կանխատեսել ընտրությունների արդյունքը։ Դրանք արտացոլում են տվյալ պահին հարցվածների դիրքորոշումը, որը կարող է փոխվել քարոզարշավի ընթացքում կամ ընտրություններին մասնակցության տարբեր մակարդակի հիմքով։ Այդ պատճառով սոցիալական հարցումները սովորաբար դիտարկվում են ոչ թե որպես վերջնական կանխատեսում, այլ որպես տվյալ պահին հասարակական տրամադրությունների ցուցիչ։
Նանե Մանասյան
The post IRI-ի նոր հարցումն ու 2021-ի փորձը․ ի՞նչ են ցույց տալիս նախընտրական սոցհարցումները appeared first on FIP.AM.