ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլ է տվել ռուսական նավթ գնել

Քաղաքականություն

06.03.2026 | 12:56

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները՝ թույլ տալով Հնդկաստանին գնել ծովում մնացած ռուսական նավթ։ BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ 30-օրյա արտոնությունը թույլ կտա շարունակել նավթի շրջանառությունը համաշխարհային շուկայում և «կթեթևացնի ճնշումը, որն առաջացել է Իրանի կողմից համաշխարհային էներգետիկան պատանդ վերցնելու փորձի պատճառով»։

«Այս քայլը կանխամտածված կարճաժամկետ միջոցառում է, որն էական ֆինանսական օգուտ չի տա Ռուսաստանի կառավարությանը, քանի որ այն վերաբերում է միայն ծովում մնացած նավթին»,- գրել է Բեսենթը X-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ռուսական նավթի նկատմամբ՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, ինչը ստիպել է գնորդներին փնտրել այլընտրանքներ։

Վաշինգտոնը հատուկ ճնշում է գործադրել Հնդկաստանի՝ ռուսական էներգակիրների խոշոր գնորդի վրա՝ դադարեցնելու ռուսական նավթի գնումը՝ փորձելով կրճատել Ուկրաինա ներխուժման ֆինանսավորման համար գումարի հոսքերը։

Չինաստանն էլ բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով հում նավթ և կատարական գազ տեղափոխող նավերին անվտանգ անցում թույլ տալու համար։ Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment