ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026



Հասարակություն

Կանադայի Տորոնտո քաղաքում մարտի 1–4-ը կայացել է PDAC 2026 միջազգային համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Ղազախստանի պատվիրակության, ինչպես նաև կանադական Mining Association of Canada (MAC) կազմակերպության հետ։

Հանդիպումների շարքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանի պատվիրակության հանդիպումը Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցչի հետ։ Քննարկման ընթացքում ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն` հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ։

Քննարկումների շրջանակում Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեությունը և Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Նա նաև Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի ավագ փոխնախագահ Բեն Չալմերսի հետ քննարկել է հնարավոր համագործակցության, ինչպես նաև MAC կազմակերպությանը ՀՀՄԱ-ի անդամակցության հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կանադայում կիրառվող Towards Sustainable Mining (TSM) պատասխանատու հանքարդյունաբերության չափորոշիչներին և Հայաստանում դրանց հնարավոր ներդրմանը։ MAC-ի ավագ փոխնախագահ Չալմերսը խոսել է «Towards Sustainable Mining» նախաձեռնության կարևորության մասին, պատմել, որ այն ստեղծվել է 2004 թվականին Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի կողմից և հանդիսանում է պատասխանատու հանքարդյունաբերության կառավարման առաջատար համակարգերից մեկը։

« Ստանդարտների այս համակարգը նպատակ ունի ապահովել հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության բարձր չափանիշներ՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության, համայնքների հետ հարաբերությունների և կառավարման թափանցիկության ոլորտներում։ Այսօր այն կիրառվում է ոչ միայն Կանադայում, այլև մի շարք այլ երկրներում՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ»,- ընդգծել է Չալմերսը:

Վարդան Ջհանյանը շեշտել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցության ընդլայնումը, առաջատար փորձի փոխանակումը և ոլորտի կայուն զարգացման միջազգային չափորոշիչների ներդրումը։ Նրա խոսքով՝ նման գործընկերությունները հնարավորություն են տալիս զարգացնել ոլորտը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ժամանակակից բնապահպանական և կառավարման պահանջներին։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աջակցում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնություններին և ակտիվորեն ներգրավված է ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության գործընթացներում։

«Այս համատեքստում PDAC միջազգային համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կարևոր հարթակ է հանդիսանում միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման, նոր համագործակցությունների ձևավորման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առաջատար փորձի ներգրավման համար», – ամփոփել է Վ. Ջհանյանը:

Հարկ է նշել, որ Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիան (Mining Association of Canada) երկրի խոշորագույն ոլորտային կազմակերպություններից մեկն է, որը միավորում է առաջատար հանքարդյունաբերական ընկերություններին և ձևավորում ոլորտի պատասխանատու զարգացման ռազմավարությունները։ Կազմակերպությունը մեծ դեր ունի միջազգային մակարդակում հանքարդյունաբերության կայուն զարգացման սկզբունքների առաջմղման գործում։



Leave a comment