Երեկ գիշերվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն հանդիպել են, փորձել են ճնշումներ գործադրել։
«Մենք եկեղեցական կարգն ենք պահում, անձեր չենք պահում։ Ասել ենք՝ մեր նշանակումը եկեղեցական կարգով է եղել ու փոփոխություն կարող է լինել միայն եկեղեցական կարգով»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Հարությունը հերքեց այն լուրերը, թե, իբր, այդ հանդիպումից հետո ինքը մեկուսացել է, կապի դուրս չի գալիս և այլն։
Տեր Հայրը պնդեց՝ Մասյացոտնի թեմի հոգևորականներն անսասան են, վստահաբար, այդպես էլ շարունակվելու է։
«Ճնշումներ են, մարդկային առումով, գուցե, մի պահ տկարանան, բայց Տիրոջ սուրբ հոգին յուրաքանչյուրիս առաջնորդելու է ու մեր հարցում նաև ճշմարտություն է բացելու»,- նշեց Տեր Հարությունը։
Հարցին՝ Գևորգ Սարոյանի հետ հանդիպման որևէ ձևաչափ քննարկելի՞ է հոգևորականաց դասի համար՝ Տեր Հարությունն արձագանքեց, որ Գևորգ Սրբազանը դեռ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոս է, որը պաշտոն չունի։
«Վեհափառից պաշտոն չի ստացել ըստ եկեղեցական կարգի։ Մեր պատասխանն է՝ եթե անելու եք բան, գնացեք, հանգիստ արեք։ Ինչ անելու են, թող անեն, մենք խնդիր չունենք»,- հավելեց Տեր Հարությունը։
դիտվել է 129 անգամ