ԵԿԲ. սթեյբլքոինները կարող են հանգեցնել ավանդների կրճատմանը եվրոգոտու բանկերում

Սթեյբլքոինների աճող տարածումը կարող է հանգեցնել եվրոգոտու բանկերում մանրածախ ավանդների նվազմանը եւ թուլացնել դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը. նման եզրահանգման են եկել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հետազոտության հեղինակները:

ԵԿԲ աշխատանքային զեկույցում, որին հղում է անում Finextra-ն, նշվում է, որ սթեյբլքոինների օգտագործման ընդլայնումը կարող է դրդել ֆիզիկական անձանց եւ ընկերություններին միջոցները ավանդական բանկային ավանդներից տեղափոխել դեպի թվային ակտիվներ: 

Բանկերը մեծապես հենվում են ավանդների վրա՝ որպես տնային տնտեսությունների եւ բիզնեսի վարկավորման համար կայուն եւ մատչելի ֆինանսավորման աղբյուրի: Ավանդների կրճատման դեպքում բանկերը ստիպված կլինեն ավելի ակտիվորեն դիմել մեծածախ կամ շուկայական ֆինանսավորմանը, որը, որպես կանոն, ավելի թանկ է եւ պակաս կայուն:

ԵԿԲ վերլուծությունը ցույց է տալիս, որ սթեյբլքոինների նկատմամբ հետաքրքրության եւ ուշադրության աճն ուղեկցվում է մանրածախ բանկային ավանդների եւ ընկերություններին տրամադրվող վարկավորման ծավալների էական կրճատմամբ.

«Այլ կերպ ասած՝ սթեյբլքոիններն կարող են կրճատել տնտեսության իրական հատվածին բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալը»:

Զեկույցում նաեւ նշվում է, որ դրամավարկային քաղաքականության համար ռիսկերն աճում են, երբ սթեյբլքոյնները կապակցված են եվրոյից տարբերվող արժույթների հետ, օրինակ՝ ԱՄՆ դոլարին:

«Սթեյբլքոինների միջոցով եվրոգոտի կարող են «ներմուծվել» օտարերկրյա դրամավարկային պայմաններ: Դա կթուլացնի կենտրոնական բանկի վերահսկողությունը ֆինանսական պայմանների նկատմամբ, կնվազեցնի դրամավարկային քաղաքականության ավանդական գործիքների արդյունավետությունը եւ կդժվարացնի գնաճի ու տնտեսական ակտիվության կայունացումը, հատկապես՝ ֆինանսական անկայունության ժամանակաշրջաններում»,- գրում են հեղինակները:

Ռիսկերի նվազեցման նպատակով զեկույցն առաջարկում է խստացնել սթեյբլքոինների պահուստների թափանցիկության պահանջները, ապահովել մարման հուսալի երաշխիքներ, ձեւավորել կորուստների ծածկման համար բավարար կապիտալի բուֆերներ եւ հաստատել արդյունավետ վերահսկողություն: Բացի այդ, հեղինակները նշում են, որ թվային եվրոն կարող է այլընտրանք դառնալ սթեյբլքոիններին՝ թույլ տալով պահպանել դրամավարկային ինքնիշխանությունը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Leave a comment