Պայթյուն՝ ավտոմեքենայում. 48-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում գտնվող գազալցակայաններից մեկի մոտ


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի արձանի հարևանությամբ գործող «Արզնի Գազ» գազալցակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։


Ինչպես հայտնում է կայքը, պայթյունի հետևանքով 1 հոգի, որը, ըստ նախնական տեղեկությունների, վարորդն է եղել, այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


Նրան առաջին օգնություն են  ցուցաբերել գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նաև բժիշկները։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրվարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։


Ըստ կայքի տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Դ. Դ.-ն է, որը գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել գազալցակայանից և ավտոմեքենայի մեջ, ըստ նախնական տեղեկությունների կրակայրիչ է վառել, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ, քանի որ հնարավոր է լիցքավորման ընթացքում ավտոմեքենայի սրահում գազ կուտակված լինի։


Leave a comment