Թրամփը հայտարարել Է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրությանը

Թրամփը հավելել է, որ իրանական իշխանությունները «ժամանակ են վատնում»՝ փորձելով ընտրել նոր գերագույն առաջնորդ


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։


«Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես Վենեսուելայում (նախագահի պաշտոնակատար) Դելսի (Ռոդրիգեսի) դեպքում էր», -ընդգծել է ամերիկացի առաջնորդը։


Թրամփը հավելել է, որ իրանական իշխանությունները «ժամանակ են վատնում»՝ փորձելով ընտրել նոր գերագույն առաջնորդ։ Նրա կարծիքով՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, «ծանրակշիռ գործիչ չէ»։


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։


 


Leave a comment