Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման

Քաղաքականություն

05.03.2026 | 21:23

Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ «նացիզմի վերականգնման համար»: SotaVision-ի փոխանցմամբ՝ դատավճիռը ներառում է նաև առցանց ռեսուրսներ կառավարելու չորս տարվա արգելք, գրում The Insider-ը։

Դատախազությունը Մարգարյանի համար պահանջել էր 6 տարի և 10 ամսվա ազատազրկում։ Նշվում է, որ «մեղադրյալը խոստովանել է իր մեղքը», գործը քննվել է հատուկ ընթացակարգով՝ դատավարությունը տևել է մեկ օր։

Պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Մարգարյանը նվիրատվություններ է կատարել «Մենք չենք լքում մերոնց» և «Հայրենիքի որդիներ» հիմնադրամներին։ Փաստաբանը նաև կարդացել է «Հատուկ ռազմական գործողության վետերանների» կոլեկտիվ նամակը, որոնք «ներել» են բլոգերին և խնդրել մեղմ պատիժ։

Դատախազը, իր հերթին, թվարկել է քրեական հետապնդման հիմք հանդիսացած հրապարակումները։

«Արսեն Մարգարյանի ինքնազոհաբերության մասին» վերնագրով յութուբյան տեսանյութում, մեղադրական կողմի պնդմամբ, բլոգերը վիրավորել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակը և արդարացրել Ադոլֆ Հիտլերի գործողությունները։

Արսեն Մարգարյանը, որը հայտնի է դարձել իր հակաֆեմինիստական ​​և կնատյաց հայտարարություններով, ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment