Փաշինյանը, փուչիկ խաղաղություն բերելով, իշխանության մնալու հարցն է լուծում․ Արմեն Ռուստամյան

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, թե Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա, սա մենք պիտի հասկանանք, Հայաստանի ժողովուրդը այդտեղ չկա։

«Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը, բնականաբար, իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում, երբ որ այդ տեսակետից նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Ինքն ուզում է իր իշխանությունը պահպանել և դա միայն մի ձևով կարող է անել՝ ստանալ գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ և ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարցեր է լուծել, խաղաղություն է բերել։ 21 թվին էլ էր, չէ՞ նույն բաներն ասում, իբր թե մենք էինք գալիս պատերազմ բերում, ինքը եկել է՝ խաղաղություն է բերում, տեսանք ինչ բերեց։ 21-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք»,- ասել է Ռուստամյանը։

Նա խաղաղության մասին խոստումը «հերթական փուչիկ» է որակել ու նշել է, որ ժողովրդի վրա կիրառում են նույն հնարքն է կիրառում, ինչ 2021-ին։

«Տեսել է, որ հեշտ խաբվող հասարակություն է ձևավորվել, որին կարելի գեղեցիկ խոսքերով մատուցել նման գաղափարները։ Մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են իր քարոզիչը և իր շտաբի անդամները։ Արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամենը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում և հերթական անգամ ժողովրդին խաբի և քվեն ստանա»,- ասել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment