Նկարած թվեր են, նախընտրական կամպանիա է. Նազելի Վարդանյան

«Բոլորը նկարած թվեր են, նախընտրական կամպանիա է, ինչ ասես, կարելի են գրել»,- այսպես արձագանքել բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալության տված գնահատականին, ըստ որի 2026-2027 թվականներին ՀՆԱ-ի աճը պետք է մնա 5.0%-ից բարձր, որին կաջակցի նաև Ամուլսարի ոսկու հանքի բացումը, մասնավորապես կնպաստի ՀՆԱ-ի 1.25% աճին։

Ըստ նրա, եթե այդքան նպաստավոր է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, այս 20 տարի ինչո՞ւ չէին աշխատում։ Բացի այդ, նա նշեց. «Մեր կյանքի վրա չի ազդում ՀՆԱ-ի բարձրացումը, տեսնում ենք՝ գներն էլ ինչպես են բարձրանում»։

«Ամուլսարում պաշար չկա. 1 տոննայի մեջ 0.7 գրամ ոսկին, ոչ մի բան է, ոչ մի նորմալ երկրում չեն շահագործում։ 1 գրամից պակաս ոսկու դեպքում ընդհանրապես արդյունավետ չէ շահագործումը։

Թող հաշվեն ու տեսնեն, թե դրա եկամուտը, ծախսերն ինչ է լինելու, պետությանը ինչ է մնում։ Ոչ մի բան չի մնալու։ Դա սնանկացած կազմակերպություն է, սնանկացման գործընթացում գտնվող։ Իր բոլոր ակտիվները, գույքը, դրամանական միջոցները, ապագայում ստացող ամբողջ եկամուտներն ու հումքը պատկանում են երկու ֆինանսական կորպորացիայի։

Ի՞նչ են հաշվում, ես չգիտեմ։ Նույնիսկ եթե այդ նկարած թվերը ճիշտ լինեն, ստանան, ամբողջը պատկանելու է այդ երկու կորպորացիաներին, ոչ թե մեր պետությանը»,- ասել է Ն.Վարդանյանը։

Նա մանրամասնել է, որ Ամուլսարի մասով կա Օնտարիոյի արդարադատության դատարանի որոշում, ըստ որի՝ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը սնանկաման գործընթացում է, իր ամբողջ ակտիվները, ապագա ստացվող հումքը, դրամական միջոցները լրիվ պատկանում են ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին. «Իրենք պարտք են այդ ընկերություններին, որը պետք է վերադարձնեն»։

Բնապահպան-իրավաբանը չի կարծում, որ շահագործվելու է հանքը, բայց հասցրած վնասը շատ մեծ է. «Պայթեցումների ժամանակ բարձրացել է դեղին, նարնաջագույն ամպ, մարդիկ շնչել են այդ օդն ու դեռ լսվելու է ապագայում, թե ինչ հիվանդություններ են ձեռք բերել մարդիկ»։

Նա նաև հիշեցրել է, որ Բեռնի կոնվենցիայի քարտուղարության հայտարարությունը, որ այդ հատվածում կան կարմիր գրքայի կենդանիներ, բույսեր, խախտում են կոնվենցիան, պետք է դադարեցվի ցանկացած գործունեություն։

«Այս ամենին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։ Այդ ամենի պատասխանը մի օր տալու են»,- ասել է Նազելի Վարդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment