Ձորաղբյուրի բնակչի տանը հայտնաբերվել են ջերմատնային պայմաններում աճող կանեփի բույսեր և թմրանյութ պատրաստելու պարագաներ (ՎԻԴԵՈ)

Հայտնաբերվել են ջերմատնային հատուկ կահավորված պայմաններում աճող կանեփի բույսեր, տոքսիկոքիմիական նյութեր․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ձորաղբյուր գյուղի 59-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ, պատրաստում և իրացնում է թմրամիջոց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Տեղեկությունը ստուգելու համար Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը համագործակցել է Գառնիի բաժնի ծառայողների հետ, ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ տեղեկությունը ճիշտ է։


Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:


Նույն օրը 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին ջերմատնային հատուկ կահավորված պայմաններում աճող կանեփի 33 բույս, 12 տուփ տոքսիկոքիմիական նյութեր, հատուկ ճառագայթման լույսեր, թմրամիջոցի պատրաստման համար նախատեսված պարագաներ և կանաչ զանգվածներ։


59-ամյա տղամարդը ձերբակալվեց և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին:


Փետրվարի 26-ին նույն տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով լցված չորս տարա և նույն զանգվածով փայլաթիթեղի երկու փաթեթ։


Հայտնաբերված ուղարկվել է փորձաքննության։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի իրացման հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Leave a comment