Անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը

ԵՊՀ դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը, որին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով ազատել էին աշխատանքից, դատարանի որոշմամբ վերականգնվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Մանուկյանը:
«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում», – նշել է նա:

Հիշեցնենք, որ Մանուկյանը ԵՊՀ-ում դասի ժամանակ ուսանողներին զրպարտության և վիրավորանքի տարբերությունը բացատրելու համար ներկայացրել է իր գործերից մեկն իբրև փաստաբան, որով այլ անձին «ֆուցըն» ասած իր պաշտպանյալն արդարացվել է այն բանից հետո, երբ լեզվաբանական ստուգանությամբ պարզվել է, որ այդ բառը հայհոյանք չէ: Մանուկյանի այս խոսուն օրինակը նկարել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի երեխան ու ուղարկել մորը, վերջինս էլ իր նախկին կոլեգա Հովհաննիսյանին: Նախկին իմքայլական ռեկտոր Հովհաննիսյանը, ում օրոք ԵՊՀ-ում ընդդիմադիր հայացքներ ունենալու համար բազմաթիվ դասախոսներ են հեռացվել, ուղղակի աշխատանքից հեռացրել էր Մանուկյանին՝ անգամ չլսելով նրա պատճառաբանությունները: Հիմա, ստացվում է, որ ԵՊՀ-ն պետք է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը վճարի , ինչպես նաև նրան վերականգնի պաշտոնում:

Leave a comment