Արտաքին և անվտանգային քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Սոսի Թաթիկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ վերլուծելով ԱՄՆ-ի և Իսրայելի իրական նպատակները, Հայաստանի համար հնարավոր ռիսկերն ու անվտանգային բանաձևը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, Թաթիկյանը չհամաձայնեց. «Թույլ տվեք ձեզ հետ փոքր-ինչ չհամաձայնվել։ Ես այն տեսակետին չեմ, որ Թրամփի և Իսրայելի բուն նպատակը ռեժիմի փոփոխությունն է։ Բուն նպատակը միջուկային զենք ստեղծելու ծրագրի ոչնչացումն է, բալիստիկ հրթիռների ոչնչացումն է և նավատորմի ոչնչացումն է, ինչպես երեկ արձանագրվել է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ»։
Նրա խոսքով, ռեժիմի փոփոխությունը կհակասեր ԱՄՆ-ի որդեգրած նոր ռազմավարությանը: Թաթիկյանը շեշտեց, որ Իրանում ոչ թե մեկ անձի շուրջ ստեղծված ավտորիտար ռեժիմ է, այլ ինստիտուցիոնալացված կրոնապետություն։ «Հետևաբար, վստահաբար Խամենեիին փոխարինելու էր մեկ ուրիշը։ Սակայն իրենք ռմբակոծել են այդ, այսպես կոչված, փորձագետների խորհրդի շենքը։ Դա այն հաստատությունն է, որտեղ պետք է այդ ընտրությունը կատարվեր նոր հոգևոր առաջնորդի, և դրանով նրանք փորձում են որոշումների կայացման ինստիտուտն ու մեխանիզմը սաբոտաժի ենթարկել»,- նշեց նա։
Խոսելով Իրանի հարվածների մասին՝ փորձագետը ընդգծեց, որ օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը երկրները դարձնում է թիրախ. «Այս իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչքան վտանգավոր է որևէ կարգի ռազմաբազա ունենալ սեփական երկրի սուվերեն տարածքում։ Եթե մենք նկատենք, Իրանը չի հարվածել իր հարևաններից միայն Թուրքիային, Ադրբեջանին ու մեզ»։
Նա այս երևույթը պայմանավորեց հետևյալ գործոններով. «Թուրքիային, կարծում եմ, որ ուղղակի վախենում է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և եթե Իրանը հարվածի Թուրքիայի տարածքը, դա կնշանակի ՆԱՏՕ-ին պատերազմ հայտարարել։ Իսկ Հայաստանին, մեր համար, իհարկե, տարօրինակ կլիներ հիմիկվա պայմաններում, որ Իրանը մեզ հարվածեր, դրա պատճառը, կարծում եմ, անհնարին կլիներ գտնել»։
Թաթիկյանի կարծիքով՝ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը որդեգրել է գոյատևման միակ հնարավոր, թեև ռիսկային բանաձևը։ «Այս պահին, կարծում եմ, որ Հայաստանը գտել է անվտանգության շատ ռիսկային, շատ դժվար, բայց երևի թե տվյալ իրավիճակում միակ ռացիոնալ ֆորմուլան, բանաձևը։ Դա այս տարբեր երկրների հետ ռազմավարական համագործակցությունների ստեղծումն է և այսպիսի լարումների և հակամարտությունների դեպքում չեզոքության պահպանումը»։
Սակայն նա զգուշացրեց, որ այս քաղաքականությունը նույնպես զերծ չէ վտանգներից. «Սա էլ շատ մեծ ռիսկեր ունի, և ես այս պահին, կարելի է ասել, սա մի բան է, որը գիշերները ինձ հաճախ թույլ չի տալիս քնել, որովհետև եթե մենք նախկինում պետք է անընդհատ ընտրեինք Արևմուտքի ու Ռուսաստանի, Արևմուտքի ու Իրանի միջև, հիմա այդ բազմավեկտոր աշխարհի պայմաններում ամեն ինչ շատ ավելի է բարդացել, և չի բացառվում, որ ինչ-որ մի կետ գա, որ Հայաստանի համար շատ դժվար լինի այդ չեզոքության պահպանումը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան