Ինձ ասում եք՝ «պեռաշկի» եք ուտում. ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած կամ քուրձ հագած վիճակում եք․ Փաշինյանն՝ ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝  կապված այդ օրերին «պեռաշկի» ուտելու հետ, վարչապետը հունից դուրս եկավ՝ հայտարարելով, որ եթե այդպես է, ապա պետք չէր նիստ անցկացնել․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում։


Այս մասին այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։


«Իհարկե, մենք ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար։ Մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մեկ օր առաջ էլ ենք ԱԽ նիստ ունեցել, 1 օր հետո հետո էլ ենք ԱԽ նիստ ունեցել։ Այդ նույն շաբաթը ՊՆ-ն այցով եղել է Իրանում, ԱԽ ներքո բավականին երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ և գործում է ամենօրյա ռեժիմով», – ասաց Փաշինյանը։ 


Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ կապված այդ օրերին «պեռաշկի» ուտելու հետ, վարչապետը հունից դուրս եկավ՝ հայտարարելով, որ եթե այդպես է, ապա պետք չէր նիստ անցկացնել։ 


«Ինձ ասում եք՝ մենք «պեռաշկի» ենք ուտում. ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած կամ քուրձ հագած վիճակում եք։ Ինչի՞ ձեր խմբակցության գլխին մոխիր լցված չի, և ինչի՞ քուրձ չեք հագել։ Կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես»,- նշեց Փաշինյանը։ 


Վարչապետի խոսքով՝ ինքը պատճառ չի տեսնում, որ կառավարության անդամները հրաժարվեն քաղաքացիների հետ շփվելուց։


Նշենք, որ տարածաշրջանային լարվածության ֆոնին հայաստանյան սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա կարկանդակ է գնում և ուտում։ Այս դրվագը դարձել է բազմաթիվ հումորային մեմերի և քննարկումների առիթ՝ արտացոլելով հանրության շրջանում տիրող հակասական տրամադրությունները։


 

Leave a comment