Իրանը հայտարարել է, որ «փորձում է» արագորեն նոր գերագույն առաջնորդ նշանակել

Իրանը հայտարարել է, որ փորձում է արագորեն նոր գերագույն առաջնորդ նշանակել՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

«Մենք փորձում ենք։ Աստծո կամքով, առաջնորդը կնշանակվի առաջին իսկ հնարավորության դեպքում։ Մենք մոտ ենք, բայց իրավիճակը պատերազմական է»,- ասել է նոր գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու Առաջնորդության փորձագետների ժողովի անդամ Ահմադ Խաթամին։

Սպանված այաթոլլահի որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը համարվում է հոր ամենահավանական իրավահաջորդներից մեկը, ողջ է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու իրանական աղբյուրների։

«Նա (Մոջթաբան) ողջ է։ Նա Թեհրանում չէր, երբ գերագույն առաջնորդը սպանվեց»,- ասել է աղբյուրներից մեկը։

Մոջթաբա Խամենեին հոգևորական է և համարվում է իր հոր կոշտ գծի կողմնակից։

DW-ն ավելի վաղ հայտնել էր, թե Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Leave a comment