ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի վերահսկողությունը ստանձնելու իր ձգտումը կապել է Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու հետ՝ նշելով, որ այլևս «միայն խաղաղության մասին չի մտածում»։
Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հրաժարվել է հստակ պատասխանել՝ արդյոք ուժ կօգտագործի՝ Գրենլանդիան գրավելու համար։ Նա կրկնել է համաձայնության չհասնելու դեպքում Եվրոպայի երկրների վրա մաքսատուրքեր կիրառելու մասին սպառնալիքը։
Մինչ այդ, կիրակի օրը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին ուղղված հաղորդագրությունում Թրամփը գրել է.
«Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է 8 պատերազմ կանգնեցնելու համար ինձ չտալ Նոբելյան խաղաղության մրցանակ, ես այլևս չեմ զգում միայն խաղաղության մասին մտածելու պարտավորություն, թեև այն միշտ առաջնային կլինի, բայց այժմ կարող եմ մտածել այն մասին, ինչը լավ է և պատշաճ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։