Մենք ուրախ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև, և այս միտումները շատ դրական հիմք են տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու համար. Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս համատեքստում ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Վրաստանն այս առումով որևէ ջանք չի խնայի»,- ասաց Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը շեշտեց, որ կարևոր է ավելի խորացնել երկու երկրների միջև համագործակցությունը։
«Տեսնում ենք՝ մեր շուրջը բարդ իրավիճակ է, և հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը։ Մենք կապված ենք երկրների և ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերով, և սա հիմք է ծառայում Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար»,- ասաց նա։
Կոբախիձեն նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ աջակցելու ու հարգելու համար Վրաստանի ազգային շահերը։ «Հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար»,-ասաց նա։