1990 թվականի այս օրերին Բաքվում տեղի էր ունենում հայերի ջարդը: 36 տարի անց, երբ կատարվածի թողած վերքերը չեն սպիացել, երբ շատերը սարսուռով են հիշում եղելությունը, ներկայիս իշխանությունը կեղծ խաղաղության թեզերով փորձում է կատարել Անկարայի եւ Բաքվի հրահանգները եւ դրոշակ է դարձնում Ադրբեջանից ներկրված էժան բենզինն ու Ադրբեջանով Հայաստան հասած ցորենը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեցԱդրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
— Երբ թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ հայերի դեմ իրականացված ջարդերը Ադրբեջանի կողմից կրել են պարբերական բնույթ: Այսքանից հետո՝ հավատո՞ւմ եք երբեմնի բարեկամության վերականգմանն ու խաղաղության հաստատմանը:
— Գանք ակունքներից. իրականության մեջ հակառակ կողմն այն է, որ ադրբեջանցի թուրքերը եւ անատոլիական թուրքերն իրենց պետություններն են կառուցել հայկական պատմական հողերի վրա: Հիմա հայկական պատմական հողերի վրա ունեն երկու պետություն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանրապետությունները:
Ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը ե՛ւ պատմականորեն, ե՛ւ իրավական առումով ճիշտ կլիներ անվանել Հյուսիսարեւելյան Հայաստան, որն իր մեջ կներառեր Գանձակը, Նախիջեւանը, Արցախը, Ուտիքը եւ այլն: Ավելի ճիտ կլիներ Բաքուն անվանվեր հայկական նահանգ: Մինչ նրանք չվերադարձնեն այդ հողերի իրական տերերին, նրանք հանգիստ չեն կարող մնալ:
Ինչ վերաբերում է Բաքվի ջարդերին, մենք պետք է քաղաքական եւ իրավական գնահատական տանք այդ իրադարձություններին եւ ասենք, որ եղել են ցեղասպանության դրվագներ եւ ոչ թե ջարդեր: Մենք պետք է հիշենք 1905 թվականի Ադրբեջանի տարածքում հայերի ցեղասպանությունը, 1918-ից ցեղասպանության ալիքը: 1918 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ թուրքական բանակը մտավ Բաքու, միայն այնտեղ կոտորեցին ավելի քան 30 հազար հայ:
1990 թվականի «սեւ հունվարը» ցայտուն դրսեւորում էր, այսպես կոչված, հարեւան պետության դեպի հայերի հետ համատեղ գոյակցության հնարավորությանը, երբ մայրաքաղաքում, դեռ Խորհրդային իշխանությունների ժամանակահատվածում, ցեղասպանություն էին իրագործում նրանք: Դրանից հետո պարզ էր, որ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական եւ ո՛չ այլ առումով չէին կարող հավակնել Արցախի պատկանելությանը, որտեղ իրականության մեջ 1920-ական թվականներին նույնպես փորձում էին կոտորած կազմակերպել: 2020-2023 թվականներին նույնպես ցեղասպանության փորձ արեցին եւ ժամանակավորապես բռնազավթեցին Արցախը ու հայաթափեցին:
Ցեղասպան պետության հետ դժվար է պատկերացնել խաղաղություն, որն անգամ տարբեր հայտարարություններ ստորագրելուց հետո էապես չի նվազեցրել հայատյացության ալիքը եւ չի մոռանում պարբերաբար բարբաջել, որ Հայաստանն էլ կբռնազավթի: ՀՀ բնակչության համար նրանք նախատեսում են ոչ թե խաղաղության օրակարգ, այլ նույն ճակատագիրը, ինչ որ նախատեսել են արցախահայության նկատմամբ:
— Չենք մոռանում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի քայլը, որից հետո վերջինս Բաքվում բարձր կոչման արժանացավ…
— Այո, միանշանակ ճիշտ օրինակ եք ասում: Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ քնած սպային, ստացավ գնդապետի կոչում: Ալիեւն անդադար կրկնում է, որ իրենք մեքենաներով կվերադառնան իրենց նախնյաց հողերը՝ նկատի ունենալով Հայաստանը: Նա մոռանում է, որ ներկայիս Ադրբեջանից՝ արհեստածին պետականության տարածքից, դուրս են եկել մոտ 3 միլիոն հայություն՝ տարբեր հանգամանքներից ելնելով, ու աշխարհով մեկ են սփռվել: Վերջին ալիքը 1988-1992 թվականներն էին, եւ նրանց ժառանգների թվաքանակը կազմում է միլիոն:
Մենք պետք է խոսենք մեր պահանջատիրության մասին: Որքան մենք լռենք, այդքանով մենք գրգռում ենք թշնամու ախորժակը: Նրանք ամեն առիթ բաց չեն թողնում եւ ասում են, որ ուժով, սրով, թրով, միեւնույնն է, Զանգեզուրի միջանցքն են բացելու, փորձելու են իրենց պայմանները թելադրել, որ չեն հանդուրժում Հայաստանում որեւէ զինված ուժի առկայություն եւ այլն: Նրանք մի շարք պայմաններ են առաջ քաշում, որոնք հայկական պետականության հետ անհամատեղելի են: Վերջապես մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ փորձենք, այսպես ասած, կառուցողական քայլեր կատարել, այդքան Ադրբեջանն ավելի շատ է առաջ քաշելու անընդունելի պայմաններ: Միջանցքային տրամաբանությունից երբ խոսում ենք, նաեւ հիշենք, որ ժամանակին ֆաշիստական Գերմանիան Դանցիգի (Լեհական) միջանցքի մասին էր խոսում, որն, ի վերջո, երկրորդ համաշխարհային պատերազմի ֆորմալ առիթը դարձավ: Այնպես որ, թշնամու, ագրեսորի հետ հնարավոր չէ խաղաղություն կնքել:
— Պարոն Այվազյան, ըստ Ձեզ, այդ խաղաղություն ասվածին եթե անգամ ասողները հավատում են, արդյո՞ք այն կարող է լինել, եթե միակողմանի է:
— Ադրբեջանի կողմից մենք տեսնում ենք «խաղաղության» նկատմամբ մի շարք դրսեւորումներ՝ մի քանի ակցիաներ՝ ցորենի, նավթի տեսքով, ընդ որում՝ Վրաստանի տարածքով է գալիս: Միեւնույն ժամանակ, նրանք չեն պատրաստվում օգտվել Հայաստանի ներքին ցանցերից: Խոսում են Զանգեզուրի միջոցով Իգդիրի հետ կապվելու մասին եւ այնուհետ՝ Ղարսի: Նրանք Հայաստանը անգամ չեն էլ դիտարկում որպես ճանապարհների խաչմերուկ: Նրանք պատկերացնում են, որ Հայաստանը պետք է լինի մահվան համակենտրոնացման ճամբար` ըստ իրենց ծրագրերի: Այդպես են մտածել եւ շարունակում են մինչ օրս այդպես մտածել: Այնպես որ, մենք պետք է ճշմարտության հետ առերեսվենք ու չխաբենք ինքներս մեզ, քանի որ դրական, խաղաղասիրական քայլերն այն կողմում դիտարկվում են ընդամենը որպես զիջում, որին պետք է հետեւի մի քանի այլ զիջումներ եւս:
Հիմա դիտում ենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները: Պետք է հիշենք, ինչպես նախորդ սրացման ժամանակ, այնպես էլ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմի հաշվարկներում ամենաթույլ օղակը, որի վրա կարելի է ճնշում գործադրել եւ հարձակում գործել Իրանում ստեղծված խառնաշփոթի ժամանակ, դա Հայաստանի Հանրապետությունն է եւ մասնավորապես՝ Սյունիք-Զանգեզուրն է:
Հետեւապես, մենք պետք է իրականության մեջ փորձենք մեր երկրի ներսում ինչ-որ չափով ստեղծել այն գիտակցությունը, որ հակառակ կողմի թշնամությունը եւ նրա կողմից ագրեսիվ պահվածքը բոլորովին չի նվազել: Եթե մենք իրոք չենք ցանկանում պատերազմ եւ ցանկանում ենք խաղաղության դարաշրջան բացել, ապա ամեն օր պետք է սպասենք հարեւան հանրապետության, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից, որտեղ ոչնչացվում են հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը, որտեղ պայքարում եւ պատերազմում են անգամ մեր հիշողության եւ գերեզմանների դեմ, հետեւաբար պետք է սպասենք վատթարագույնը: Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, ապա պետք է պատրաստ լիենք պատերազմի:
Այո՛, 36-րդ տարելիցն է Բաքվում հայերի ցեղասպանության, այդ անմեղ զոհերի արյունը դեռ թուրք-ադրբեջանական տանդեմի, մասնավորապես՝ Բաքվի ռեժիմի ձեռքերի վրա չի չորացել: Մենք պետք է այդ իրականության մեջ ճշմարտությունը գտնենք եւ հասկանանք, որ այդ մեկանգամյա ակցիաները՝ նավթի կամ ցորենի, որոնք ներմուծվում են Հայաստան, այնպես էլ կարող են այդ ծորակը փակել: Մենք չպետք է մեզ խաբենք եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի իրականության զարգացմանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝