ՀՀ իշխանությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում չի ձեռնարկել. Սարգիս Խանդանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է ՀՀ-ից դուրս, սա է նաև փաստ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում ՀՀ-ից»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն փաստին, որ Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի Ավստրիայում՝ ասաց ՔՊ խմբակցութան պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Խոսելով Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Խանդանյանը նշեց. «Հայաստանի իշխանությունը որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ բռնաճնշում չի ձեռնարկել, հակառակը՝ ձեռնարկվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել են նաև Եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ և այլն»:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տված խոստումներին և դրանց կատարմանը՝ պատգամավորն ասաց.«2021 թվականին ՔՊ-ն հանրությունից հայցել է մանդատ, որ Հայաստանին բերի խաղաղություն և այդ մանդատը մենք կարող ենք փաստել, որ լիակատար կատարել ենք: 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կտան այդ պատասխանը՝ արդյոք մենք կատարել ենք մեր խոստումները, թե՝ ոչ»: