Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կրճատել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Տիգրան Դադունցը հայտնել է՝ որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով: Միայն բացառիկ դեպքում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ կարող է լինել բանավոր ընթացակարգով, ապա գործը կքննվի բանավոր նիստով:
Նրա խոսքով մյուս կարեւոր փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ այն դեպքերում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել Վարչական դատարանում, եւ այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինն այլեւս չկարողանա վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի համապատասխան որոշումները:
Նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ:
Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթեւացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ազգային ժողովը նախաձեռնությունը քննարկել է հունվարի 20-ի հերթական նիստերի ընթացքում: