Միրզոյանը և Կալասն ընդգծել են ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը

Քաղաքականություն

03.03.2026 | 19:39

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ՀՀ խաղաղության օրակարգի առաջմղումը և Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի ակտիվացման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment