Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. ԱԺ նախագահը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները  վտանգավոր չեն TRIPP նախագծի համար


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին և հայտնել, որ դրանք վտանգավոր չեն TRIPP նախագծի համար։


Սիմոնյանը ցավակցություն է հայտնել հակամարտության գոտիներում զոհերի կապակցությամբ և հույս հայտնել, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, քանի որ անմիջականորեն հարևան երկրի հետ են տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։


«Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևիցե ձևով կապ չունի, և հույս ունենք, որ որևէ ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի»,- ասել է ԱԺ նախագահը:


Սիմոնյանի խոսքով՝ միաժամանակ, շատ հաճելի է տեսնել, որ այդ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել, խաղաղություն կառուցել:


Ըստ ԱԺ նախագահի՝ չպետք է ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ և այնպես անել, որպեսզի խաղաղության գործընթացը չվնասվի:


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


 


 

Leave a comment