Ամերիկյան դեսպանատունը Քուվեյթում փակ է. ԱՄՆ-ը տարհանում է աշխատակիցներին Բահրեյնից, Իրաքից և Հորդանանից

Քաղաքականություն

03.03.2026 | 14:05

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը փակ է՝ «մինչև հետագա ծանուցում»։ Այս մասին նշվում է X-ում արված դեսպանատան  գրառման մեջ, որում հղում է արվում «տարածաշրջանային լարվածությանը», գրում է BBC-ն։

Դեսպանատունը հայտնում է, որ «չեղարկվել են բոլոր կանոնավոր և արտակարգ հյուպատոսական հանդիպումները»։

Երկուշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող ամերիկացիներին հեռանալ առևտրային միջոցներով՝ «լուրջ անվտանգության ռիսկերի» պատճառով։

Քուվեյթի դեսպանատան փակումը տեղի է ունենում նաև այն բանից հետո, երբ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը գիշերը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից։

Բացի այդ, երեքշաբթի Պետքարտուղարությունը հայտարարել է Բահրեյնից, Իրաքից և Հորդանանից ոչ էական անձնակազմի տարհանման հրամանի մասին։ Այս հրահանգը տրվել է Իրանի հետ հակամարտության հետ կապված ռիսկերի հիման վրա, հաղորդում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ, հղում անելով Իրաքի ոստիկանությանը, Reuters-ը հաղորդում է, որ Էրբիլում գտնվող ամերիկյան բազան կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Խոսքն օդանավակայանի մասին է, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment