Ակցիայի ավարտին քաղաքացիները Քննչական կոմիտե են ներկայացրել 21 նոր հաղորդում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ներդրումային խարդախությունների և կիբեռհանցագործությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Քննչական կոմիտեի դիմաց՝ ուղղված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանցագործությունները տեղի են ունենում բացեիբաց, իսկ գովազդները տարածվում են հրապարակային կերպով։
«Եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, և հանցագործությունները կայացել են, ապա պետությունը պարտականություն ունի քաղաքացիների իրավունքնենրի վերականգնման մասով տրամադրել քաղաքացիներին պաշտպանություն և ֆինանսական վնասների փոխհատուցում», – նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշում է, որ հանցագործություները շարունակաբար տեղի են ունենում, իսկ հանցավորները չեն հայտնաբերվում։
Մասնակիցները դժգոհություն են հայտնել Քննչական կոմիտեի աշխատանքից՝ նշելով, որ բազմաթիվ դիմումներից հետո գործնական քայլեր չեն ձեռնարկվում։
Ակցիայի ավարտին քաղաքացիները Քննչական կոմիտե են ներկայացրել 21 նոր հաղորդում հանցագործության մասին և հայտնել, որ իրենք շարունակելու են հավաքագրել հանցագործությունների մասին հաղորդումները և իրազեկել քաղաքացիներին։