Դաշնակցությունը դարձել է Ռոբերտ Քոչարյանի պատանդը, նրանք չեն կարող մրցակից լինել ՔՊ-ին. Էդգար Առաքելյան

Դաշնակցությունը դարձել է Ռոբերտ Քոչարյանի պատանդը, նրանք չեն կարող մրցակից լինել ՔՊ-ին. Էդգար Առաքելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Ենթադրելի է, որ իրենց առաջնորդը կլինի Ռոբերտ Քոչարյանը: Դաշնակցությունը դարձել է Ռոբերտ Քոչարյանի պատանդը կամ կցորդը, իսկ թե ինչ շանսեր ունեն, վերջին հինգ տարիների իրենց նախաձեռնած բոլոր քաղաքական ակցիաների ձախողումը ցույց է տալիս իրենց շանսերի մասին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով՝ ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ կուսակցությունն է, որն ունի հստակ քաղաքական օրակարգ. «Այն կուսակցությունները, այդ թվում՝ Դաշնակցությունը, ովքեր չունեն այդ օրակարգը, չեն կարող մրցակից լինել ՔՊ-ին, նրանք պարզապես ընտրություններին օլիմպիական սկզբունքով մասնակիցներ են: Համոզված եմ, որ արդյունավետ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է, մեր քաղաքացիներն այդ ամենը հաշվի կառնեն առաջիկա ընտրություններում: Խորհրդարան են գալիս ոչ թե հայտարարություններ անելու, այլ՝ կոնկրետ աշխատանք կատարելու: Ժողովրդավարական երկրներում ընդդիմությունը շատ կարևոր քաղաքական ինստիտուտ է, որն այսօր իրենք վերցրել են և ոչինչ չեն անում, սա նաև մեր պետության համար վտանգավոր իրավիճակ է»:

Անդրադառնալով Սաղաթելյանի պետականության ապագան վտանգի տակ դնելու հայտարարությանը՝ Առաքելյանը նշեց. «Մի կուսակցություն, որն իր ներքին փաստաթղթերում շրջանառում է ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականության մակարդակն իջեցնելն ինչ-որ աստիճանի, այդ կուսակցության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի խոսել պետականության մասին: Իրենց հեռանկարները Սոլովյովներն են, Մարգարիտա Սիմոնյաններն են, ովքեր արդեն առանց թաքցնելու խոսում են Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին, սա է հեռանկարը, որին կբախվի մեր հասարակությունն ու պետությունը, եթե նրանց ձայն տա, իսկ ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները նրանց ձայն չեն տա»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՔՊ-ն այսօր չի նայում այն խնդրին, թե ում թեկնածություն դնել կամ չդնելն է օգուտ. «ՔՊ-ն ժողովրդին ասում է՝ մենք գնում ենք խաղաղության օրակարգով, գնում ենք հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգով, սահմաններն ապաշրջափակելու օրակարգով, գնում ենք իրական Հայաստանի օրակագով: Իսկ օրինակ՝ ՀՅԴ-ն նույն երգն է երգում, ասում են՝ հեռացնենք այս իշխանությանը, նոր որոշենք, ինչ են որոշելու՝ Հայաստանը դարձնել գուբերնիա՞, թե որոշելու են կանաչ լույս վառել այն մարդկանց կամ պետությունների առաջ, ովքեր այսօր ուզում են օկուպացնել Հայաստանը»:

Աննա Բզնունի

Leave a comment