«Բացառապես զգոն լինելու ու ցանկացած սցենարի պատրաստ լինելու օրեր են». Վարուժան Գեղամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրանյան գրառումը. «Պատերազմի 3-րդ օրն է:
     Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ:

Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց.

▪️Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանն, ըստ ամենայնի, ձախողվել է. Իրանի իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, իսկ դրսից հրահրվող ներքին ապստամբություն դեռ չի ծագել` չնայած առկա փոքր ընդդիմադիր օջախներին:

▪️Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:

▪️Իրանը, իմ տպավորությամբ, ունի երկու մարտավարական առաջնահերթություն. նախ պահել երկրի ներքին կայունությունը (ինչը դեռ ստացվում է), երկրորդ` առավելագույնս մեծացնել պատերազմի տարածքը` ներառելով նոր երկրներ (Կիպրոսի վրա հարվածները նաև դրա մասին են): Ինչքան շատ երկիր թաթախվի, այնքան դա կստիպի շուտ ավարտել պատերազմը, քանի դեռ այն չի վերաճել տարածաշրջանային գլոկալ (glocal) պատերազմի` ներառելով նոր երկրներ, էթնիկ ու կրոնական խմբեր: Սա է իրանական հաշվարկը:

▪️Այսպիսի պայմաններում երեկվա ասածս «հյուծիչ պատերազմը» ավելի իրական է դառնում: Իսկ այստեղ, դարձյալ, մեզ համար կանխատեսելու տարածք չկա: Բացառապես զգոն լինելու ու ցանկացած (այդ թվում` վատ) սցենարի պատրաստ լինելու օրեր են:

Իսկ դա նշանակում է սովորել խաղաղ ապրել պատերազմի պայմաններում:
     Ինչպես կից լուսանկարում է. 2006 թ., Լիբանան, քաղաքացիները հեռուստացույց են նայում ու իսրայելական հրթիռների հարվածները` ուղիղ եթերում»:

Leave a comment