Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հարված են հասցրել ֆինանսական հաստատությանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ` լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման գործունեությունը ֆինանսավորելու համար։
«Որոշ ժամանակ առաջ [իսրայելական զինվորականները] ավարտեցին հարվածների շարք «Ալ-Քարդ Ալ-Հասան» ասոցիացիայի դեմ, որը ֆինանսավորում է «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը Լիբանանի ողջ տարածքում», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունում, որը մեջբերում է Agence France-Presse գործակալությունը։
Զինվորականները չեն հստակեցրել, թե որտեղ են հասցվել հարվածները։
Լիբանանի իշխանությունները միաժամանակ հայտարարել են, որ իսրայելական հարվածների հետևանքով 52 մարդ զոհվել է, 154-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 31 մարդ է զոհվել և 149-ը` վիրավորվել։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Դիտումների քանակ5