«Բուրջ Խալիֆա»-ն կառուցած Emaar-ն արդյոք կգա Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

02.03.2026 | 20:50

Դեռևս պարզ չէ՝ աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան կառուցած Emaar Properties ընկերությունը կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ով է իրականացնելու Նորագյուղ թաղամասի շինարարությունը։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կառուցապատողին պետք է ընտրեն ներդրողները։ 

Դեռ նախորդ տարի էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող Emaar Properties-ի գործադիր տնօրեն Ահմադ Թանի Ալ Մատրուշիի հետ և քննարկել Downtown Yerevan-ի ստեղծման հայեցակարգային նախագիծը։ 

Հիշեցնենք, որ Նորագյուղ թաղամասում ներդրումներ իրականացնում են «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունները։ Քաղաքապետարանից հայտնում են, որ միայն ծրագրի հաստատումից և օտարման գործընթացների ավարտից հետո պարզ կդառնա, թե որ ընկերությունն է իրականացնելու շինարարությունը։

Շուրջ 84 հեկտար տարածքում նախատեսվում է հիմնել Downtown Yerevan բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Նախագծով նախատեսվում է կառուցել 155 շենք՝ շուրջ 65 հազար բնակչի համար։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, անդրադառնալով շենքերի հարկայնությանը, Factor TV-ի հետ զրույցում Երևանը համեմատել էր Ճապոնիայի հետ։

Նախագիծն իրագործելու համար տարածքում եղած շինությունները պետք է քանդվեն, իսկ բնակիչները՝ փոխհատուցում ստանան։ Բայց պարզվում է՝ քաղաքային իշխանությունը դեռ չի հանդիպել Նորագյուղ թաղամասի բնակիչների հետ։ 

Հարցմամբ խնդրել էինք նաև տեղեկացնել, թե որքան է գնահատվելու բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը։ Պատասխանի համաձայն՝ փոխհատուցման գինը որոշվելու է գնահատող ընկերության կամ ընկերությունների եզրակացության հիման վրա՝ գույքի շուկայական արժեքին ավելացնելով 30%՝ նախկին 15%-ի փոխարեն։ Մասնավոր սեփականության օտարման գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Կառավարությունը տարածքը ճանաչի հանրության գերակա շահ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

Leave a comment