Իրանի դեմ շարունակվող գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի». Պենտագոնի ղեկավար

Քաղաքականություն

02.03.2026 | 18:16

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը մամուլի ասուլիս են անցկացրել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների վերաբերյալ։ BBC-ի հաղորդմամբ՝ Հեգսեթն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով Իրանի դեմ իրականացված գործողությունը պատմության մեջ ամենամահացու, ամենաբարդ և ամենաճշգրիտ օդային գործողությունն է։

«Մենք չենք սկսել պատերազմը, բայց նախագահ Թրամփի օրոք մենք այն ավարտում ենք»,- ասել  է նա։

Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփը սահման է գծել «47 տարվա իրանական ագրեսիայից հետո»։ Հեգսեթը նաև զգուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով «սպանում կամ սպառնում է ամերիկացիներին, կհետապնդվի ԱՄՆ-ի կողմից առանց ներողամտության և առանց վարանելու»։

Հեգսեթն ասել է նաև, թե ողջամտորեն ընդունված է, որ Իրանի նման ռեժիմները չպետք է միջուկային զենք ունենան, և Թրամփն ունի այն ապահովելու համար անհրաժեշտ «համարձակությունը»։ Ըստ նրա՝ Իրանի ռեժիմը «մահ է ստացել Ամերիկայից և մահ՝ Իսրայելից»։ Սա, «այսպես կոչված, ռեժիմի փոփոխության պատերազմ չէ», բայց ռեժիմը, «անշուշտ, փոխվել է, և աշխարհն ավելի լավ վիճակում է դրա շնորհիվ», հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ նրա՝ Իրանի դեմ գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի»։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի նպատակն է՝ ոչնչացնել Թեհրանի հրթիռները և այլ անվտանգային ենթակառուցվածքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment