Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»

Քաղաքականություն

02.03.2026 | 16:06

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանգստյան օրերին Աբու Դաբիում է եղել և ներկայում չի կարողանում վերադառնալ Վրաստան՝ «ստեղծված իրավիճակի պատճառով», հաղորդել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Թաբուլա» թերթը հայտնել էր, որ Կալաձեն մնացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), ուր գնացել էր՝ ծննդյան օրը նշելու: Հաղորդվել էր, որ Կալաձեի հետ են նաև նրա կինը՝ Անուկի Արեշիձեն, և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին։

Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, ավիափոխադրումները դադարեցվել են Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների և Թեհրանի կողմից հարևան երկրների դեմ պատասխան հրթիռակոծությունների պատճառով։

Փետրվարի 27-ին Կախա Կալաձեն դարձել է 48 տարեկան։ Մինչ քաղաքականություն մտնելը՝ նա ֆուտբոլիստ էր, խաղացել է «Միլան»-ում, դրանից առաջ՝ Թբիլիսիի և Կիևի «Դինամո»-ում։ Կալաձեն 15 տարի հանդես է եկել Վրաստանի ազգային հավաքականում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment