Փերինչեքի կայքը, X-ն ու ադրբեջանական ԶԼՄ-ները․ ՀՀ-ում «իսլամը պաշտպանող նոր օրինագծի» կեղծիքի տարածողները

Թուրքական մի շարք աղբյուրներ հերթական կեղծիքն են տարածել Հայաստանի վերաբերյալ`պնդելով, թե ՀՀ կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում երկրում իսլամի և իսլամադավանների պաշտպանությանն ուղղված օրինագիծ է դրել շրջանառության մեջ։ 

Հրապարակումների մեջ նշվել է, թե իբր նոր օրինագծի համաձայն՝ իսլամը հրապարակայնորեն քննադատելը, Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ Մուհամեդ մարգարեին վիրավորելը կդառնան ծանր հանցագործություններ, որի համար նախատեսված է անգամ ազատազրկում։   

Ըստ պնդման՝ օրինագիծը նախատեսում է կրթական փոփոխություններ։ Մասնավորապես՝ աշակերտները տարրական կրթության շրջանակում պետք է ստանան իսլամի հիմունքների վերաբերյալ գիտելիքներ։ Միևնույն ժամանակ պարտադիր է դառնում աղոթքի սենյակների կառուցումը հանրային օբյեկտներում՝ ինչպիսիք են օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները։ 

Գոյություն չունեցող հեղինակը՝ Փերինչեքի կայքում

Հղում անելով անանուն պաշտոնյաների խոսքերի՝ պնդում է արվել, որ նշյալ կարգավորումները նախ կկիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում, ապա ողջ երկրում։

Այս լուրը միաժամանակ ու նույն տեքստով տարածել են թուրքական մի շարք կայքեր՝ Ulusal, Aydinlik, Turkiye Penceresi և այլն։

Հիշեցնենք՝ Ulusal կայքը և համանուն հեռուստաալիքը փոխկապակցված են թուրքական ազգայնական ու քեմալական ուղղվածություն ունեցող «Հայրենիք» կուսակցության (թուրքերեն՝ Vatan Partisi) և նրա ղեկավար Դողու Փերինչեքի հետ, որը Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության առաջամարտիկներից է:

Հոդվածի հեղինակ է ներկայացվում հայկական ազգանունով ոմն Ազիզ Եգանյանը (Aziz Yerganian): FIP.am-ը այս անուն-ազգանունով հեղինակի մասին բաց աղբյուրներում տվյալներ, կամ նախկինում արված հրապարակումներ չհայտնաբերեց։  

Միևնույն ժամանակ, հոդվածը հրապարակած Ulusal կայքում տեղադրված է ենթադրյալ հեղինակի լուսանկարը, որը, ինչպես պարզեց FIP.am-ը, իրական մարդու լուսանկար չէ, deepfake է՝ գեներացված է արհեստական բանականության միջոցով։

Արտապատկերումը՝ ԱԲ-ով գեներացված լուսանկարների հայտնաբերման zerogpt.com հարթակից։ 

Իսկ «Ulusal» կայքն ասոցացվում է թուրքական ազգայնական «Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Դողու Փերինչեքի հետ։ 

Լուրը համակարգված ձևով տարածվել է X-ում․ որոշ օգտահաշիվներ հրապարակել են հոդվածի անգլերեն թարգմանված տարբերակով պատրաստված տեսանյութը (1,2,3):

Տեղեկությունը տարածվել է նաև Բաքվի քարոզչական ռեսուրսների միջոցով․ մասնավորապես՝ այն արտատպել են abc.az, haqqin.az և այլ կայքեր։ 

Արտապատկերումը՝ ադրբեջանական կայքերից։ 

Այսպիսով, Հայաստանում «իսլամը պաշտպանող նոր օրինագծի» մասին տեղեկությունը կեղծ է․ նման որևէ օրենսդրական նախաձեռնություն գոյություն չունի։ 

Տարածված նյութը հիմնված է անանուն աղբյուրների վրա, իսկ «հեղինակ» ներկայացված անձն իրականում գոյություն չունի․ նրա լուսանկարը արհեստական բանականությամբ գեներացված deepfake է։ Լուրի համակարգված տարածման ձևը, աղբյուրների բնույթը և կեղծ հեղինակի օգտագործումը վկայում են նպատակային ապատեղեկատվական արշավի մասին։

Նանե Մանասյան

 

 

The post Փերինչեքի կայքը, X-ն ու ադրբեջանական ԶԼՄ-ները․ ՀՀ-ում «իսլամը պաշտպանող նոր օրինագծի» կեղծիքի տարածողները appeared first on FIP.AM.

Leave a comment