Քուվեյթում ամերիկյան F-15 է կործանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.03.2026 | 11:19

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ է վթարի ենթարկվել Քուվեյթի հյուսիսում՝ Իրաքի սահմանի մոտ, օդաչուն անվտանգ կերպով կատապուլտացվել է։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել սահմանի մոտ գտնվող նոսր բնակեցված վայրում, որտեղ Խոր Աբդուլլահ ջրային ճանապարհը բաժանում է Իրաքը և Քուվեյթը։ Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ տեղացիներն օգնել են օդաչուին պատահարից հետո։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում, ենթադրաբար, վթարի վայրից ծուխ է երևում։ Մոտավորապես նույն ժամանակ Քուվեյթի որոշ հատվածների բնակիչները հայտնել են պայթյունների և օդային հարձակման ազդանշանների մասին։

Դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակվել վթարի պատճառի մասին։ Հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից «բարեկամական կրակի» հետևանքով, չնայած պաշտոնական մանրամասները դեռևս չեն հրապարակվել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կամ Պենտագոնի կողմից։

Ականատեսները հայտնում են, որ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է բարձրացել, իսկ տարածքում նկատվել են հրշեջներ և շտապօգնության մեքենաներ:

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին խուսափել դեսպանատուն գնալուց և ապաստան գտնել իրենց տներում։

«Մի՛ եկեք դեսպանատուն։ Թաքնվեք ձեր բնակարանում՝ ամենացածր հարկում և պատուհաններից հեռու: Դուրս մի՛ եկեք»,- ասվում է դեսպանատան կայքում հրապարակված ուղեցույցում:

Դեսպանատունը նաև կոչ է արել Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «պատսպարվել տեղում, վերանայել անվտանգության ծրագրերը հարձակման դեպքում և զգոն լինել ապագա նոր հարձակումների դեպքում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment