Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրաառումը. «Ինչպես առավոտյան գրառմամբ էի նշել աշխարհում այսօր մնացել է միայն մեկ կարմիր գիծ՝ միջուկայինը: Ի դեպ, հարգարժան գործընկերներ, ի վերջո ավելորդ չէ արտահայտված մտքերն օգտագործելիս «կես բառով» գոնե հղում անելը:
Բայց, այս թեման, թերեւս, արժանի է շարունակության: «Կարմիր գծեր» անցնելը մենք ընկալում ենք իբրեւ ուժի նշան, բայց գործնականում այն թուլության նշան է:
Փորձենք դիտարկել ավելի պարզ խաղի սխեմայով: Ե՞րբ է թիմը առավել կոշտ եւ առավել մեծ թվով խախտում թույլ տալիս հակառակորդի նկատմամբ, երբ ուժե՞ղ է, թե՞ թույլ: Տրամաբանությունը հուշում է, որ խաղի ընթացքում կանոնները կոպտորեն խախտում են միայն թույլերը, ապաշնորհները, խաղային վարպետությամբ զիջողները:
Որքան կոպիտ է խախտումը, այնքան վկայում է խախտողի բարդ դրության կամ խնդիրների մասին: Իհարկե մեր հանրության մի զգալի մասի համար Նահանգները մի պետություն է եւ ՄԻԱԿ պետություն է, որը չունի ոչ մի խնդիր: «Նյարդերից թույլ» այդ մարդկանց կխնդրեմ հեռանալ այս «էկրանից»:
Իսկ Նահանգներն ունեն խնդիր, շատ լուրջ խնդիր, որն իհարկե դառնում է նաեւ միջազգային հարաբերությունների խնդիրը: Կարմիր գծերը խախտելը կամ «վերջին հույսի տուգանքը» խնդիր չի լուծում, եւ դա հասկանում են բոլորը: Պատկերն այլ կլիներ, եթե իհարկե չլիներ «միջուկային գիծը»: Այդ գիծն այն արբիտրն է, ավելին՝ պարզապես VAR համակարգն է, որը չի ներելու որեւէ խախտում, թեկուզ, եթե թվա, որ դրվագն անցած է:
Կհնչի տարօրինակ, սակայն «կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում Ռուսաստանն ու Չինաստանը: Հիշեցնեմ, որովհետեւ կա «միջուկային կարմիր գիծը»: Եթե չլիներ դա, իհարկե ամեն ինչ կլիներ այլ, բայց այդ գիծը կա ու դա անցնելը, մեղմ ասած, արդեն վեր է նույնիսկ ԱՄՆ ուժերից»։