Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի կեսօրին պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիային և Իրանին առնչվող հարցերը քննարկելու համար, հայտնում է BFMTV-ն։
«Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը պաշտպանության և անվտանգության խորհուրդ է հրավիրել… Այն նվիրված կլինի միջազգային հարցերին՝ Գրենլանդիա, Սիրիա և Իրան», – ասվում է նյութում։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր կղզին ԱՄՆ-ի կազմում ներառելու մտադրության մասին։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին՝ հարգել իրենց տարածքային ամբողջականությունը։
Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում մի շարք եվրոպական երկրներ իրենց զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ Դանիայի հրամանատարության ներքո հետախուզական առաքելություններ իրականացնելու համար:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու մասին: Հետագայում դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 25% և կպահպանվի մինչև ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գնման գործարքի համաձայնեցումը: