Իրանը կշարունակի հարվածել թշնամիների ռազմաբազաներին. Փեզեշքիանը դիմել է ազգին

Բաժանորդագրվել

Իրանի նախագահը հայտնել է, որ իրենք կշարունակեն գնալ գերագույն հոգևոր առաջնորդի ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները: Այս մասին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը: Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի նահատակությունը երկար տարիներ կմնա իրանական ժողովրդի հիշողության մեջ։ Հանցագործների ոճիրը և Իրանի սիրելի զավակների նահատակությունը որևէ խաթարում չեն առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վճռականության մեջ՝ իր պարտականություններն ու պատասխանատվությունները կատարելու հարցում»,- ասել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ իրենք հաստատակամ են Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու գործում։

Ըստ Փեզեշքիանի, Իրանը, ինչպես միշտ, հուսախաբ կանի իր թշնամիներին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment