Զոհվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Քաղաքականություն

01.03.2026 | 17:49

Իրանի վեցերորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զոհվել է Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, մարտի 1-ին հայտնել է ILNA գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ նա զոհվել է Թեհրանի Նարմակ շրջանի վրա իրականացված հարձակման արդյունքում՝ իր նստավայրում։ Ենթադրվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախներից մեկը։

Մահմուդ Ահմադինեժադը զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը 2005-ից մինչև 2013 թվականը։ Մինչ այդ նա աշխատել է Արդաբիլ նահանգի նահանգապետ (1993–1997 թթ.) և Թեհրանի քաղաքապետ (2003–2005 թթ.)։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Leave a comment