Քաղաքականություն
01.03.2026 | 11:21
Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները։
ԱՄԷ-ից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված ևս 6 չվերթ չի կայանա։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է 201 մարդ, ևս 747-ը ստացել են վնասվածքներ։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտնել էին Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի 108 աշակերտուհիների մահվան մասին։ The Guardian թերթը հիշեցնում է, որ քաղաքում է գտնվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՀՊԿ) բազա։ Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իրանի պատասխան հարվածները ազդել են նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։
Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։