«Մի ձեռքը չգիտի` մյուսն ինչ է անում». նախկին պաշտոնյան՝ Երևանի կայանատեղիների մասին

https://arm.sputniknews.ru/20260301/mi-dzerqy-chgiti-mjusn-inch-e-anum-nakhkin-pashtvonjan-erevani-kajanateghineri-masin-99255931.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934275_180:0:1600:1065_1920x0_80_0_0_a969c3201ae753025c31dcd48b1ff906.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, կարմիր գծեր, ավտոմեքենա, ավտոկայանատեղի, էդգար գալստյան

հայաստան, երևան, կարմիր գծեր, ավտոմեքենա, ավտոկայանատեղի, էդգար գալստյան

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետը կարծում է, որ միայն «կարմիր գծերով» զբաղվելով հնարավոր չէ բեռնաթափել փողոցները. համալիր մոտեցում է պետք։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանի կենտրոնում վճարովի ավտոկայանատեղիների տարեկան վճարի ավելի քան 13 անգամ թանկացումից հետո քաղաքային բյուջեի եկամուտները նվազել են, իսկ խցանումները` ավելացել, որովհետև համայնքային իշխանությունը տրանսպորտային համակարգի հարցում ոչ համալիր մոտեցում է ցուցաբերում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, 2025 թվականին Երևանում «կարմիր գծերից» ստացված եկամուտները նվազել են 10,8%-ով և կազմել 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ (2024 թվականին` 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ):

Փորձագետի դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանում մի խումբը զբաղվում է հասարակական տրանսպորտի զարգացման հարցերով, մյուսը՝ «կարմիր գծերով», մինչդեռ պետք է սինխրոն աշխատեն։

«Համագործակցության բացակայության պատճառով մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում: Թեև դրանք մեկ ամբողջություն են կազմում, բայց մի թևը բարձրացնում է գները, մինչդեռ մյուսը չի կարողանում նույնքան արագ տեմպերով ներդրումներ ապահովել հասարակական տրանսպորտում, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-նշում է փորձագետը:

Ըստ նրա՝ այս հարցերով պետք է զբաղվի պրոֆեսիոնալ թիմ, որի անդամները պետք է աշխատեն սերտ փոխգործակցությամբ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե մյուսն ինչով է զբաղվում, կատարվեն ճշգրիտ հաշվարկներ և կազմվեն շարժակազմի համալրման ու նոր երթուղային ցանցի ձևավորման հստակ ժամանակացույցեր: Միայն դրանից հետո կարելի է մտածել՝ բարձրացնե՞լ «կարմիր գծերի» վճարը, թե՞ ընդհանրապես արգելել կայանումը Երևանի կենտրոնում:

Խոսելով տրանսպորտային խնդիրների համակարգային լուծման մասին` Գալստյանը շեշտում է, որ Երևանի կենտրոնի ավտոկայանատեղիները փողոցների գերբեռնվածության միակ պատճառը չեն: Հետևաբար միայն «կարմիր գծերով» զբաղվելով հնարավոր չէ թեթևացնել փողոցները։

Մեր զրուցակցի կարծիքով՝ գործոններից մեկը էլեկտրամոբիլներն են, որոնք բառացիորեն հեղեղել են Երևանի կենտրոնը:

««Կարմիր գծերից» բացի ևս մի քանի գործոն կա, և դրանցից մեկն էլեկտրամոբիլներն են, որոնք հեղեղել են կենտրոնը։ Բանն այն է, որ Էլեկտրամոբիլներն ազատված են «կարմիր գծերի» վճարից և զբաղեցնում են գրեթե բոլոր կայանատեղիները: Բացի այդ, էլեկտրական մեքենաները ինչ-որ օգտագործած հին բան չեն, դրանք թարմ, թանկարժեք մեքենաներ են, ու այդպիսի մեքենա իրեն կարող է թույլ տալ բարձր եկամուտ ունեցող միջին խավը, որի աշխատանքը, որպես կանոն, կապված է կենտրոնի հետ: Հետևաբար «հին ու էժան» բենզինային մեքենաների տերերը դադարում են տարեկան գումար վճարել, որովհետև իմաստ չունի. միևնույնն է, կենտրոնում ազատ տեղերը բոլորին չեն հերիքում»,-պարզաբանում է Գալստյանը:

Նա հավելում է, որ կայանման վճարի կտրուկ բարձրացման ֆոնին գերբեռնվել են նաև բակային տարածքները, բնակիչները փորձում են պայքարել դրա դեմ՝ արգելափակոցներ տեղադրելով տեղադրելով բակերի մուտքերի մոտ։

Փորձագետը համաձայն չէ քաղաքային իշխանությունների հետ, որոնք պնդում էին, թե կայանատեղիները ավելի քան 13 անգամ թանկացնելը կլուծի խցանումների խնդիրը։ Գալստյանը հայտարարեց՝ դա միանշանակ չէր կարող հարցի լուծում լինել, և խցանումները չեն վերանա` հաշվի առնելով մեքենաների ներկրման հսկայական ծավալները. միայն 2025-ի առաջին եռամսյակում ներկրվել է ավելի քան 51 հազար մեքենա (որից 37%-ը՝ էլեկտրամոբիլներ): Ընդ որում, փորձագետի խոսքով, ՀՀ ներկրված մեքենաների 70-80%-ը մնում է Երևանում:

Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ «կարմիր գծերով» կայանատեղիները պատշաճ կահավորված չեն, իսկ գների բարձրացումը իրավական առումով բավարար հիմնավորված չէ: Մի քանի դատական որոշում է ընդունվել (այդ թվում՝ վերաքննիչ դատարանի կողմից) վճարների բարձրացման ոչ իրավաչափ լինելու մասին, և շատ քաղաքացիներ, իմանալով այդ մասին, մեքենաները կայանում են առանց տարեկան վճարի և չեն շտապում վճարել տուգանքները, փոխարենը բողոքարկում են դրանք դատարաններում՝ քաղաքապետարանի դեմ նախկինում ընդունված որոշումների հիման վրա:

Գալստյանը կարծում է, որ խցանումների խնդիրը կարելի է լուծել՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի քաղաքացիները կարողանան ավելի քիչ օգտվել անձնական ավտոմեքենաներից:

«Խցանումների դեմ պայքարը սովորաբար այլ կերպ է լուծվում: Սկզբում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի վարորդները խուսափեն անձնական մեքենաներից և օգտվեն հանրային տրանսպորտից: Մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր հանրային տրանսպորտը Երևանում: Բարեփոխումներն ավարտված չեն, դրանք շարունակվում են և շատ դանդաղ են առաջ գնում։ Տրանսպորտը քիչ է, ինչը չի նպաստում, որ մարդիկ չօգտվեն իրենց մեքենաներից։ Այլ կերպ ասած՝ խցանումները անպայման շարունակելու են առաջանալ, քանի մարդիկ դեռ ստիպված են օգտվել իրենք մեքենաներից»,- եզրափակեց նա:

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասել է 1 միլիոնի: Նախարարի կարծիքով՝ խցանումներն անխուսափելի են, եթե ենթակառուցվածքները բավարար չափով չընդլայնվեն նման հոսքին դիմանալու համար:

Leave a comment