Որո՞նք են եղել այս ձմեռվա առավել պահանջված արշավային ուղղությունները Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում են լեռնագնացությունն ու արշավային տուրիզմը, որոնք գրավում են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը՝ հատկապես ձմռան ամիսներին։ MediaHub-ի հետ զրույցում «Armenian Geographic» արշավային ակումբի տուր մենեջեր Հրաչուհի Այվազյանը նշեց, որ այս տարի առավել ակտիվ են եղել մի քանի հայտնի ուղղություններ։

«Կան մի քանի ֆիքսված և միշտ պահանջված ուղղություններ․ ակտիվ են հատկապես Արտանիշը,Արտենի լեռը և Թռչկանի ջրվեժը»,- ասաց Այվազյանը։

Խոսելով դժվարությունների մասին՝ նա նշեց, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ համապատասխան հանդերձանքի առկայությունը, հատկապես սկսնակների դեպքում։

«Իրականում այդ խնդիրը կա, բայց արշավային մշակույթը տարեցտարի զարգանում է, և պարագաներն ավելի հասանելի են դառնում։ Ձմռանը հիմնականում մասնակցում են այն մարդիկ, որոնք արդեն ունեն համապատասխան կոշիկներ ու հագուստ։ Ավելի հաճախ ամռանն է լինում, որ մարդիկ առանց անհրաժեշտ հանդերձանքի են գալիս»,– ասաց նա։

Տուր մենեջերը նաև ընդգծեց անվտանգության կանոնների կարևորությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր արշավից առաջ մասնակիցներին ներկայացվում են անհրաժեշտ հրահանգները։ «Ամեն արշավից առաջ մասնակիցներին ներկայացվում են անվտանգության կանոնները։ Բացի դրանից՝ մենք պարբերաբար հոդվածներ և տեղեկատվական գրառումներ ենք հրապարակում, քանի որ լեռնային արշավների ժամանակ անվտանգությունը առաջնային է»,– նշեց Այվազյանը։

Անդրադառնալով ձմեռային ակտիվ տուրիզմի զարգացման հեռանկարներին՝ նա ընդգծեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այդ ոլորտում։ «Հայաստանը արշավների համար շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք ունենք և՛ բարձր, և՛ ցածր լեռներ, տարվա բոլոր եղանակներին հասանելի բազմաթիվ ուղղություններ։ Այդ առումով Հայաստանը շատ լավ երկիր է ակտիվ տուրիզմի զարգացման համար»,– եզրափակեց խոսքը տուր մենեջերը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment