ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԴԱՐԲՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի տարվա առաջին հավաքը։ Ծանրորդները պատրաստվում են 2026 թվականի հիմնական մրցաշարերին։

Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ։ Iravunk. com -ի մարզական լրագրողը այսօր հունվարի 19-ին այցելել է Գյումրիի Օլիմպիկ մարզական համալիր, որտեղ ծանրորդները մասնակցում են ուսումնամարզական հավաքին, ներկա գտնվել պարապմունքին։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում այսպես մեկնաբանեց.

«Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն ինչպես տեսնում եք անցկացնում ենք Գյումրիում, որից հետո ծանրորդները մարզումները կշարունակեն Երևանում։ Փետրվարի 12-15-ը, «Սպորտի կառավարման կենտրոնում» կկայանա մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Հետո ևս երեք հավաք կանցկացնենք նախապատրաստվելով ապրիլին Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»։

Տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ ուսումնամարզական հավաքին. «Կարծում եմ մարզիկներն իրենց լավ են զգում, քանի որ տրամադրվածությունը շատ լավ է։ Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ առաջին հավաքն է։ Երկրորդ ուսումնամարզական հավաքի ծրագիրը կփոխվի, քանի որ Հայաստանի առաջնություն ունենք առաջիկայում»։

Նշենք, որ Գյումրիի ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment